Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Արդեն սկսել էր լուսանալ: Դրսում ցուրտ էր, իսկ ես գրեթե մերկ էի, դողում ու լաց էի լինում, բայց այդ հրեշը, առանց ուշադրություն դարձնելու իմ լաց ու կոծին, ինձ քարշ էր տալիս: Վերջապես ինձ հաջողվեց խանութներից մեկի պատշգամբի սյունին փաթաթվել. հուսահատությունը, վախն ու սարսափը գերբնական ուժ էր տվել ինձ: Այդ 40-45 տարեկան վամպիրը չէր կարողանում ինձ պոկել սյունից: Նա ինձանից շուտ հոգնեց: Հանկարծ նկատեց, որ հագիս մնացել է մի վերնաշապիկ: Գիշերն ինձ կողոպտելիս վերնաշապիկս չէր տեսել, ասաց, որ եթե այդ վերնաշապիկը տամ, ինձ ազատ կթողնի: Անմիջապես հանեցի, շպրտեցի երեսին ու ասացի՝ տար, ում, որ հագցնես, թող պատանքի տեղ ծառայի: Այդ մարդանման հրեշը, առանց իմ ասածներին ուշադրություն դարձնելու, վերցրեց շապիկս և չքվեց:

Այդ տեսակ կյանք չապրած մարդը կարող է պատկերացնել այդ ճիվաղի անհետանալուց հետո ես ինչ տեսակ հոգեկան դրության մեջ կարող էի գտնվել: Մի ակնթարթ հանգստացած շունչ քաշեցի, կարծես՝ ինչ-որ մղձավանջային երազից զարթնած լինեի, բայց փրկության զգացմունքի բերկրանքն ակնթարթային էր, որովհետև երբ ուշքի եկա, նկատեցի, որ անասելի մրսում ու դողում եմ: Նայում եմ ես ինձ մի ներքնաշապիկով ու վարտիքով եմ մնացել փողոցում: Ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, բոլորն էլ մի քիչ ավելի, մի քիչ պակաս միևնույն գազաններն են, բայց այդ դրությամբ սպասել մինչև լուսանալը, մարդիկ շուկա գային, հնարավոր չէր (Հանկարծ հիշում եմ թուրք մի պառավի, որի բակից աշխատողներին ցեխ ու ջուր էի բարձրացնում տանիք):

Այդ պառավը նախորդ օրն ինձանով հետաքրքրվեց ու իմ պատմությունը լսելով՝ ինձ օգնեց: Որոշում եմ այդ պառավին դիմել. գնում եմ դռանը խփում: Քիչ հետո պառավը գալիս է և դուռը բացում: Ինձ այդ դրությամբ՝ շապիկով ու վարտիքով տեսնելով՝ շշմեց ու հարցրեց, թե այս ինչ վիճակում ես, տղա՛ս: Պատմում եմ, գիշերն ինձ հետ պատահած դեպքը: Լսում է ինձ ու ցավակցում, ապա ներս է հրավիրում, գնում կրակարանը կրակով բերում, իսկ ես բակի մի անկյունում՝ լքված քուրջերով մերկությունս եմ ծածկում: Պառավը բերում է հին մի հագուստ, որը հագնում եմ՝ քուրջերը վրաս քաշած: Կրակարանն առաջքս առած՝ տաքանում եմ: Քիչ հետո բերում է նաև թասով ապուր, դնում կրակի կողքին ու ասում. «Կե՛ր, տղա՛ս, տաքացի, Աստուծմե գտնեն»:

 Զգում էի, որ այդ պառավը սրտանց վշտակցում է: Ապուրն ուտում եմ և մի քիչ տաքանում: Մինչ այդ լուսանում է: Աշխատանքի ընկերներս գալիս են և ինձ այդ վիճակում տեսնում ու ցավակցում են, գալիս է նաև գործի կառավարիչը: Նա էլ ցավակցում է, խորհուրդ տալիս, որ գնամ ոստիկանություն բողոքեմ, այսինքն՝ բորենու արարքի համար վագրին բողոքեմ, որ բորենու պակաս թողածը վագրը լրացնի: Ես ծիծաղեցի և ասացի, որ երեկ երեկոյան ես ձեզանից խնդրեցի գիշերելու տեղի համար ինձ օգնել, չուզեցիք, ահա, խնդրեմ, ինչ օրի գցեցին ինձ:

Արդեն լուսացել էր, աշխատանքի ժամն էր: Վեր կացա, մի զույգ տրեխ մնացել էր ինձ, հագա, դույլերը վերցրի ու սովորականի նման աշխատողներին սկսեցի ջուր տանել ցեխի համար: Այդ օրը ցերեկվա աշխատանքի ընդմիջման ժամին հանդիպեցի փոքր քրոջս՝ Թագուհուն, ինձ այդ վիճակում տեսնելով՝ սկսեց լաց լինել, 20 փարա ունեցել էր, տվեց ինձ և առհավետ բաժանվեցինք. խեղճ, անմեղ, վաղամեռ քույրիկ: Չարանենգ վրեժխնդրության զոհ եղար…

Հաջորդ օրը ես այլևս փորձ չարեցի որևէ պանդոկի գոմում գիշերելու: Որոշեցի այդ պառավի բակում՝ քուրջերի մեջ, փաթաթված անցկացնել, փոխանակ կյանքս վտանգի ենթարկելու: Ճիշտ է բակում վտանգ չկար, բայց ցուրտ էր, քուրջերով փաթաթվում էի, բայց չէի տաքանում, երբ կծկվում էի, ծունկերիս երակներս ցավում էին: Իսկ երբ երկարում էի, ոտքերս քուրջերից դուրս էր գալիս, մրսում էի, միաժամանակ լուծն ինձ տանջում էր, հաճախակի վեր էի կենում: Այդպիսի դրությամբ մի քանի օր ևս աշխատելուց հետո, աշխատանքը վերջացավ: Սկսեցի նորից թափառել, իսկ գիշերները վերև նշված ձևով տանջվել:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements