ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԱրդեն շուրջ 120 տարի է, ինչ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:

Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897 թ. սեպտեմբերի 14-ին:

Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը: Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Վերոնշյալ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Մյուռոնի կաթսայի մեջ: Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են: Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

Advertisements