Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գնալով օդը ցրտում էր, և իմ առաղջական վիճակը վատանում էր, իսկ ինչ կլիներ իմ  դրությունը ձմռանը, որը չէր ուշանալու, այդ մասին մտածելն անգամ ինձ սարսափեցնում էր: Ի՞նչ կարող էի անել: Քաղաքը, մարդիկ օտար էին ու թշնամի: Նրանք, որոնք կարող էին ինձ օգնել կամ չէին ցանկանում, կամ մտածում էին միայն իրենց մասին:

Այն տունը, որի բակում գիշերում էի, դրա դրկից խանութպաններից մեկը, որի կրակարանի մոտ տաքանում էի առավոտները, մի օր ասաց, որ ուզում է ինձ ուղարկել մի գյուղ իր ծանոթ մի գյուղացու մոտ, որտեղ կաշխատեմ և մի կերպ գոյությունս կպահեմ, բայց ես կասկածում ու վախենում էի, որ այդպես ասելով՝ քաղաքից դուրս կհանեն ու կսպանեն, բայց ուրիշ ճար չկար, հարկավոր էր փորձել և այդ անտանելի դրությանը վերջ տալ, ուստի համաձայնեցի: Ասաց, որ վաղն առավոտ տղաս գնալու է այդ գյուղը, միասին գնացեք: Հաջորդ օրն այդ խանութպանի տղի հետ ճանապարհվում եմ ինձ անծանոթ այդ գյուղը: Խանութպանի տղան ձիով էր, իսկ ես՝ ոտքով: Մոտ 8 ժամ հետո հասանք գյուղ:

Այդ գյուղն ինձ դուր չեկավ, քանի որ կյանքում առաջին անգամ տեսնում էի այդպիսի խղճուկ գյուղ՝ հողից պատրաստված, կիսագետնափոր տներով: Բայց ի՞նչ եմ ասում, արդյոք իրավունք ունեի ընտրություն կատարել: Գնացինք մի քուրդի տուն, 40-45 տարեկան մի մարդ ընդառաջ եկավ, հարգանքով տղին բարևեց, տղան ինձ ներկայացրեց ու ասաց, որ այս տղին բերել եմ քեզ համար պահես և աշխատացնես: Ինձ այնպես թվաց, որ ես այդ մարդուն դուր չեկա, դժկամությամբ համաձայնեց և սկսեց ինձ հարցաքննել, թե գյուղական աշխատանքներին ծանոթ եմ, ոչխար արածեցնել գիտեմ, պատասխանեցի, որ ես գյուղական աշխատանքներին անծանոթ եմ, ոչ էլ ոչխար արածեցնել գիտեմ: Այդ դեպքում ես քեզ չեմ պահի, ճիշտն ասած, մարդու մերժումը սրտովս էր, և ավելացրեց, որ այս գիշեր մեր գյուղացիք գնում են քաղաք, նրանց հետ կվերադառնաս:

Երեկոյան ճաշելուց հետո տան տերն ինձ գիշերելու տեղ ցույց տվեց. մի սենյականման տեղում՝ ներքնակով ու վերմակով: Դա ինձ համար արքայական հարմարություն էր, դրսում քուրջերի մեջ փաթաթված գիշերներից հետո, դժբախտաբար, ես այդ հարմարությունից չկարողացա օգտվել, որովհետև լուծն ինձ հանգիստ չէր տալիս, շատ կարճ ընդմիջումներով, բնական պետքի սուր կարիք էի զգում, իսկ բակ դուրս գալիս, շունը հարձակվում էր: Հակառակ այդ լավ հարմարության՝ այդ գիշեր նույնպես հանգիստ չկարողացա քնել: Հազիվ մի քիչ տաքացել, հանգստացել էի, մեկ էլ գյուղացին ձայն տվեց, որ հագնվեմ: Վեր կացա, տրեխներս հագա, ուրիշ մի բան չունեի հագնելու, դուրս եկա. օդը ցուրտ էր: Գյուղացին տարավ մինչև գյուղի ծայրամասը և այդտեղ հավաքված գյուղացիներից խնդրեց, որ ինձ իրենց հետ տանեն քաղաք: Էշերով, քուրդերով բաղկացած քարավանը շարժվեց դեպի քաղաք: Գյուղից ոչ շատ հեռո քրդերից մեկը, ձեռքով ցույց տալով, ասաց, որ այդտեղ քո հայրենակիցներից պառկած են, ուզում էր ասել, որ այդտեղ սպանված հայերի դիակներ կան: Այդ, որ լսեցի, վախեցա, ուրեմն սրանք, եթե ցանկանան, ինձ էլ կսպանեն: Մեզ հետ կային նաև կանայք, որոնցից մեկն ինձ վերցրեց իր հովանավորության տակ: Տեսավ, որ մրսում եմ, ինձ մի ժակետ տվեց, որը հայերից էր կողոպտված: Այդ ժակետը բավական ինձ օգնեց, եթե կողոպտված հագուստներս վրաս լինեին, այդ քրդերն անպայաման ինձ կսպանեին՝ իմ շորերին տիրանալու համար, բարեբախտաբար, կողոպտվելու բան չկար հագիս՝ բացի բազմաթիվ կարկտանով խալաթից:

Արշալույսը նոր բացված հասանք քաղաք: Ժակետը տվի կնոջը և շնորհակալություն հայտնեցի ու բաժանվեցի: Խանութները դեռ չէին բացված, սաստիկ մրսում էի և սոված էի: Գրպանս մնացել էր մի քիչ դրամ: Գնացի ճաշարան, մի պնակ տաք ապուր կերա, տաքացա, ունեցած վերջին դրամս տվի ու դուրս եկա: Այդ օրը, բացի այդ սուպից, ուրիշ բան չկերա:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements