ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՄեր եկեղեցում Մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ըստ ավանդության` Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց այն կարող է նաև խախտվել անհրաժեշտության դեպքում: Անկասկած երջանիկ է այն Կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին: Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի Հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց Մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով:

Նույն բախտին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), ովքեր չկարողացան Մյուռոնօրհնեք կատարել քաղաքական դրդապատճառներով և խորհրդային իշխանության արգելքի պատճառով: 29 տարվա դադարից հետո միայն 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994):

Իսկ մեր օրերում` 1996 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում կատարեց իր առաջին Մյուռոնի օրհնությունը, բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե յոթ տարի հետո, այլ` հինգ, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք հայոց մեծ դարձի 1700-ամյակը: Այլ խոսքով, նմանատիպ ազգային-եկեղեցական տարեթվերի և Մյուռոնի պակասության ժամանակ Վեհափառ Հայրապետը կարող է Մյուռոնօրհնեք կատարել:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements