ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սեպտեմբերի 13-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ

Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանը, Սբ. Խաչ եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը:

Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը`«Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստո′ս, տրվեց որպես օգնություն թշնամու դեմ Քո զորությամբ պատերազմելու համար» բնաբանով:

Հայր Զարեհն անդրադարձավ օրվա խորհրդին, կարևորեց Տիրոջ Խաչի գաղափարական նշանակությունը մեր այսօրվա կյանքում, որը դժվարին Խաչի ճանապարհ անցնելուց հետո է արժևորվում ու պսակվում հաղթանակով:

Ապա Հայր Սուրբը մասնավորապես ասաց. «Մարդկային կյանքը խաչի ճանապարհ է՝ փորձություններով լի, սակայն ճանապարհի վերջում Սուրբ Խաչի հաղթական լույսն է: Մեր Տերը Խաչի այդ ճանապարհն անցավ անպատմելի դժվարություններով, ում անարգում էին, հալածում, ամոթանք տալիս, հարվածում: Հաղթեց այդ բոլորին, չընկճվեց, չվախեցավ, քանզի գնում էր իր նպատակն իրականացնելու՝ խաչի վրա գամելու մեր մեղքերը, մեզ համար զոհաբերվելու, իր գերագույն սերն արտահայտելու, նաև մեղքին, մահվանը հաղթելու: Խաչը նախապայման է հաղթանակի՝ պարգև հավերժության: Այդ իսկ պատճառով մեր ժողովրդի հավերժությունը Քրիստոսի նման դժվարությունները հաղթելու կարողության մեջ է»:

Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Տիրոջ նվիրական Սուրբ Խաչը և Խաչի մասունքը կրող Սբ. Խաչ նշանավոր վանքը պահապան և զորավիգ լինի մեր ազգին, մեր ժողովրդին և Ամենակալ Աստված իրականացնի ուխտավոր ժողովրդի ուխտը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի, Վայք քաղաքի զորամասի զինվորների, դպիրների, հարյուրավոր ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Այս տարի ևս Սբ. Պատարագին ներկա գտնվեցին զինվորականներ, ովքեր մասնակցեցին Անդաստանի արարողությանն ու պատվո թափորով վեր բարձրացնելով ռեհանով ու ծաղիկներով զարդարված Սբ. Խաչը՝ առաջնորդեցին ուխտավորներին:

Ի դեպ, թեմի Երիտասարդաց միության անդամներն էին պատրաստել Խաչվերացի թափորի խաչապսակը:

Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին:

Այնուհետև սկսվեց Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը, որը հովանավորել էին Սբ. Խաչ վանքի վերակառուցման բարերարներ Վարդան և Ռուզաննա Հայրապետյանները:

Սկզբում ողջույնի ու օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ով մասնավորապես իր շնորհակալությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր անցնող տարվա ընթացքում հոգ են տարել հոգևոր կյանքն ավելի ակտիվ կազմակերպելու գործին:

 Տեր Հայրը հիշատակեց բարերարներ Վարդան և Ռուզաննա Հայրապետյաններին, Սբ. Խաչ եկեղեցու այս տարվա խաչքավորին՝ Նորիկ Հակոբջանյանին, ով այսօր եկեղեցուն նվիրաբերեց փոքրիկ զանգ, որը կախվեց Զանգակատանը և այլոց:

Ժողովրդական տոնախմբության ընթացքում ելույթ ունեցան Երիտասարդաց միության անդամները՝ ներկայացնելով տոնի խորհուրդը, տոնի հետ կապված ավանդությունները և Արկազի Սբ. Խաչ վանքի պատմությունը, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու մանկական երգչախմբի սաները՝ ղեկավարությամբ Նազելի Սարգսյանի ու Սաթենիկ Մկրտչյանի, N զորամասի զինվորները, ինչպես նաև գեղեցիկ ելույթներով հանդես եկան Ագարակաձորի պարի համույթի սաները` ղեկավարությամբ Խաժակ Բաբայանի:

Ընդունված կարգի համաձայն՝ հավատացյալները հավաքվեցին սիրո ճաշի: Բոլոր ուխտավորներին խաչքավոր Նորիկ Հակոբջանյանի ընտանիքի կողմից մատաղ բաժանվեց:

Սբ. Խաչ վանքում հավաքված բազմաթիվ ուխտավորները, հաղորդակից լինելով հոգեպարար այս արարողություններին, ուր խաչված էին միմյանց քրիստոնեությունն ու մեր ազգային էությունը, մեծ խանդավառությամբ ու հոգեպես զորացած, Տիրոջ Խաչի զորությամբ լցված, Աստվածատուր օրհնությունը տարան իրենց ընտանեկան հարկից ներս:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը մեր սրբազան և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements