Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Նշենք, որ Մայր Աթոռում պահվում են նաև այլ սրբություններ, որոնք Հիսուսի խաչափայտի մասունքով են:

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34): Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին: Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ (շարունակելի):

 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements