ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՎեհափառ Հայրապետը Կենաց Խաչով և Ս. Գեղարդով Մյուռոնն օրհնելուց հետո այն տյառնագրում է նաև մեր հավատքի հոր` Ս. Գրիգոր Լուսավորջի Աջով, որը մեր ազգային-եկեղեցական ամենամեծ սրբությունն է: Որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, այնտեղ պետք է լինի նաև դրա վավերականության կնիքը և խորհրդանիշը` Լուսավորչի Աջը:

 Այս բազկի և մատների տեսք ունեցող պատյանում ամփոփված են Ս. Գրիգորի աջ ձեռքի մասունքները: Նվիրական այս սրբությունը պատմության ընթացքում բաժնեկից է եղել մեր ժողովրդի ձեռքբերումներին և դժբախտություններին, պատուհասներին և վերելքներին` մշտապես իր օրհնությունը բաշխելով ամենքին: Այս Աջի հետ հայ մարդու կապվածությունը դիպուկ բնորոշել է Առաքել Դավրիժեցին` գրելով. «Աջի և Ս. Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»: Բացի Մյուռոնօրհնությունից, Ս. Գր. Լուսավորչի Աջը դուրս է բերվում նաև բացառիկ և կարևոր տոների և իրադարձությունների ժամանակ, երբ հայ հավատացյալներին հնարավորություն է տրվում` համբուրելու այն, և օրհնություն ստանալու առաքելաշավիղ Ս. Գր. Լուսավորիչ Հայրապետի նշխարներից (շարունակելի):

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements