ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

ԻՆՉՊԵՍ ԳՐՊԱՆԱՀԱՏ ԴԱՐՁԱ (pickpoche)  

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Իսկ հաջորդ 2 օրերն անցկացրի՝ առանց մի բան ուտելու: 3-րդ օրը՝ ցերեկվա ժամը 2-3-ի ժամանակները, Ղաներե կոչված շոււկայում արևին տաքանալիս հանդիպեցի Սեբաստիայի մեր թաղի տղաներից մեկին՝ Ռուբենին: Ինձ այդ թշվառ վիճակում, որ տեսավ, ասաց, թե այս ինչ խեղճ վիճակի ես մատնվել, իսկ ես ասացի, որ հիմա ցավակցելու ժամանակը չէ, քանի որ ես 3 օր բան չեմ կերել, անասելի սոված եմ, սովածությունից աչքերս մթագնել են:

Ասա՛, խնդրե՛մ, ի՞նչ անեմ, որ մի կտոր հաց ճարեմ, նա թե՝ մի ամիս էլ սոված մնաս և որևէ միջոցի չդիմես ու այստեղ այդպես կանգնես, ոչ ոք քեզ հաց չի տա: Հապա ի՞նչ անեմ: Շատ պարզ, կամ պետք է աշխատես, կամ գողանաս, իսկ ես ասացի աշխատանք չեմ ճարում, իսկ գողանալ չգիտեմ: Ասաց լավ, այստեղ ինձ սպասի, քիչ հետո կգամ, քեզ կսովորեցնեմ, թե ինչպես կարելի է գողանալ: Նրա գնալուց հետո ես արդեն ոնց, որ ասում են, «մատս ուղեղիս» դրի, պատկերացրի, թե ինչ պետք է անել:

Թիթեղագործերի շուկայում հացի մի փուռ կար՝ հացի վաճառքի հարմարանքով՝  փռի վրայի հարկը բարձրանալու: Այդ աստիճանի վրա դրված էր մի մեծ պարկ, չորացած հաց (պաքսիմատ): Գնացի փռան մոտ, տեսնում եմ, որ աշխատողները հացը վաճառել են և դրամը հաշվելով են զբաղված: Նստեցի աստիճանին՝ պաքսիմատի պարկի մոտ, մի քանի պաքսիմատ վերցրի և գնացի մոտակա աղբյուրը, թրջեցի ու անուշ արի, երբ կերա, կարծես՝ աչքերս լուսավորվեց ու աշխուժացա, հետո գնացի Ղաներե շուկան՝ Ռուբենին հանդիպելու: Տեսնեմ եմ, որ արդեն Ռուբենը եկել է, հարցնում է՝ ո՞ւր էիր, ասում եմ, որ արդեն գործն սկսել եմ, մի քիչ բան էլ ուղարկել է մթին աշխարհ, ասաց՝ ա՛յ ապրես:

Ինձ առաջնորդեց մի խանութի մոտ ու ինձ ցույց տվեց սիգարետի թղթի փոքրիկ ծրարները, որը դրված էր մի մեծ ափսեի մեջ: Այդ սիգարետի փոքրիկ ծրարների մեջ լինում էր 100 հատ նուրբ թղթից պատրաստված թերթիկներ (ծխախոտը գլանակի նման փաթաթելու համար) ու ասաց, որ դրանցից մի բուռ պետք է վերցնես (մի ծրարը արժի մի օխա հաց), բայց ինչպե՞ս, խանութպանը ծալապատիկ նստած է, իսկ սիգարետի թղթի ամանը դրված է առջևը: Մի քանի անգամ խանութի առջևից անցնում ենք, յուրաքանչյուր անցնելուց Ռուբենն ինձ բոթում ու ասում էր՝ վերցրու-վերցրու, բայց ես չեմ համարձակվում, որովհետև  ինչպես արդեն ասել եմ, խանութի տերը աչքերը բաց, նստած է, սիգարետի թղթի ամանն էլ առջևը: Վերջապես վերջին անգամ անցնելուց աչքերս փակում եմ ու մի բուռ վերցնում եմ, զարմանալի մարդուկը չտեսավ, երևի նստած մրափում էր, եթե ոչ, չի տեսել, հնարավոր չէր: Քիչ այն կողմ գնացինք, հաշվեցինք 20 փարա, ստացանք 10 ղրշ. դա մեզ համար մեծ հարստություն էր:

Դրամը տալիս եմ Ռուբենին և խնդրում, որ գնա հաց ու խորոված բերի: Ռուբենն այդպես էլ անում է, ապա նստում են մի պատի տակ ու ախորժակով ուտում են, բայց ես չեմ կշտանում, խնդրում եմ նորից բերի, այս անգամ խորովածի հետ բերեց նաև մի ծխախոտի տուփ, որը հացավաճառի առջևից թռցրել էր: Բաց արեցի տուփը, տեսնեմ մեջը 2 ղրշ, 20 փարա կա: Լավ կշտանալուց հետո մեկ-մեկ սիգարետ էի փաթաթում ու  սկսում ծխել: Հանկարծ ընկերս ծնկիս խփում ու ասում է, որ այսօր դեռ ուրիշ մի գործ ևս ունենք անելու: Ասաց, որ խորավածավաճառի դրամը պիտի թռցնենք:

Խորովածի փուռը հացավաճառի կողքին էր, միայն մի բարակ միջնորմ էր բաժանում իրարից: Հացավաճառի մոտ հերթապահ էր առաջացել, խորովածավաճառի կողմի պատին մի դարակ կար, որտեղ դրված էր պահածոյի թիթեղյա մի տուփ: Խորովածավաճառը վաճառած խորովածի դրամը դնում էր այդ տուփի մեջ: Ռուբենն այդ նկատել էր և ասում է, որ այդ տուփն իր պարունակությամբ պիտի թռցնենք, ուստի որոշեցինք այսպես. ես որպես հացի հերթի սպասող, կանգնեմ այդտեղ, երբ խորովածավաճառը հեռանա, տուփը թռցնեմ, բավական սպասելուց հետո, մի հաճախորդ եկավ, խորոված պահանջեց, խորովածավաճառը խորովածը լավաշի մեջ փաթաթեց, տարավ հաճախորդին: Ես այդ առիթից օգտվեցի և տուփը վերցրի ու տվեցի Ռուբենին: Նա էլ տուփի միջի դրամը լցրեց փուռի մեջ: Տուփը գցեց առուն, մինչև այդ ես ուզում էի փախչել, բայց Ռուբենը չթողեց, ասաց՝ անտարբեր տեղդ կանգնած մնա՝  որպես հացի հերթի սպասող:

Քյաբաբչին եկավ, ուզեց վաճառած խորովածի դրամը տուփի մեջ դնել, տեսավ, որ  տուփը չկա, մարդուկը ձեռքը ծունկին խփեց և բացականչեց՝ դրամս գողացե՜լ են, ապա սկսեց այս ու այն կողմ նայել:

Այդ միջոցին Ռուբենը մոտեցավ մարդուն և ասաց, որ ես տեսա մի տղա վերցրեց դեպի այն կողմը փախավ, մարդուկը վազեց ցույց տված կողմը, իսկ մենք հանգիստ այդտեղից հեռացանք ու մի անկյուն քաշված, հաշվեցինք 20 ղրշ: Այդ էլ դրի գրպանս ու ես ինձ համարեցի ամենաերջանիկը, կարծես՝ մի ժամ առաջվա հուսահատված, շշմած պատի տակ կուչ եկած ողորմելին ես չլինեի, աշխուժացել էի: Նուշն ու չամիչը շատ կսիրեի, յուրաքանչյուրից 100 գրամ վերցրի, երկուսով բաժանեցինք. կեսը ինձ, կեսը ընկերոջս: Ուտելով սկսեցինք ման գալ և ուշադրությամբ 4 կողմերս նայել՝ արդյոք թռցնելու մի բան չենք գտնի:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements