Բատիկի և պոլիմերային կավի ցուցահանդես


Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ: Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը:

Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ պարոն Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական խոսքը:

Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը:

Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները:

Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և  ներկայացված գեղարվեստական աշխատանքները:

 Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:

Նման  դասընթացները շատ կարևոր են մեր երիտասարդների  համար, քանի որ այն   հնարավորություն է ոչ միայն զբաղվել սիրած գործով, այլև հետագայում ունենալ եկամուտ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements