ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՄեր եկեղեցում մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել: Անկասկած երջանիկ է այն Կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին:

Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի Հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճ գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն բախտին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), որոնց նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել քաղաքական և խորհրդային կարգերի պատճառով: 29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994):

Բացի սրանից, Վազգեն Վեհափառն իր գահակալության ընթացքում կատարեց ևս 5 մյուռոնօրհնեք: 1991 թ. սեպտեմբերի 29-ին Աստծո կամքով նա օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»: Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»: Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե յոթ տարի հետո, այլ` հինգ, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք հայոց մեծ դարձի 1700-ամյակը: Վերոգրյալ բոլոր օրինակները և պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարևոր և հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements