ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՍկզբնական շրջանում մյուռոնօրհնությունը կատարվում էր Ավագ Հինգշաբթի օրը, երբ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը: 19-րդ դարի «Մաշտոցները» հրահանգում են, որ այն կարելի է կատարել նաև Հոգեգալստին կամ որևէ այլ պատշաճ օր: Հաճախ Մյուռոնօրհնությունը տեղի է ունեցել նաև Վարագա Ս. Խաչի տոնին (այս տարի ևս նույն տոնին է օրհնվելու Մյուռոնը), որը խաչին նվիրված մեր ազգային-եկեղեցական ինքնատիպ տոնն է: Հաշվի առնելով, որ այդ օրը բազմաթիվ ուխտավորներ են ժամանում Ս. Էջմիածին աշխարհի բոլոր կողմերից, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի եղանակային պայմանները` վերջին շրջանում Մյուռոնն օրհնվում է աշնանը: 20-րդ դարում սրբազան այս արարողությունը կատարվել է Մայր Տաճարի ներսում կամ զանգակատան դիմաց: Քանի որ այժմ շատերն են ցանկանում մասնակցել Մյուռոնօրհնությանը, 2001 թ. սկսած այն տեղի է ունենում նորակառույց Ս. Տրդատի Բաց խորանում: Այս տարի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ս. Պատարագ կմատուցվի Միածնաէջ Մայր Տաճարում, իսկ երեկոյան տեղի կունենա Մյուռոնօրհնությունը:

Դարերի ընթացքում հայոց Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազում պատմություններ են ստեղծվել` ընդգծելով նրա զորությունն ու ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆուժը: Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. հունվարի 6-ին` Աստվածհայտնության տոնին, բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական Ջրօրհնեքի կարգը:

Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետը ծեսը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն կատարյալ դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը Մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում:

Սամվել Անեցին (12 դ.) նշում է, որ Պետրոս Կաթողիկոսը կանգնեցրեց գետը մի պահ, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը ետ դարձան: Գետադարձի անվան հետ է կապված մեկ այլ ուշագրավ փաստ ևս: 1049 թ., երբ Կաթողիկոսը ստիպված էր Բյուզանդիա գնալ` մտածելով, որ գուցե այլևս չվերադառնա և մտահոգվելով Մյուռոնի մասին, նա Ախուրյան գետում երկաթե ամանների մեջ է թաքցնում շուրջ 400 լիտր Մյուռոն, որպեսզի այն հոռոմների ձեռքը չընկնի և չապականվի: Այս մասին է արձանագրում Մատթեոս Ուռհայեցին (11-12 դդ.) իր ժամանակագրության մեջ:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements