Վայոց Ձորի թեմ

Սմբատ Բյուրատ (1862-1915)

Advertisements

Սմբատ Բյուրատ (1862-1915)

Սմբատ Բյուրատ (ՏերՂազարենց, 1862, մարտի 3, Զեյթուն – 1915, Անկարա, եղեռնազոհ), հայ արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ:

1878-1880-ին սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1880-1882 -ին ուսուցիչ և տնօրեն է եղել Մարաշի ազգային վարժարանում, 1882-1884-ին նույն պաշտոնով տեղափոխվել է Զեյթունի Միացյալ ընկերության ազգային վարժարան: Այս ժամանակաշրջանում իր գործընկեր Խ. Տատուրյանի հետ պատրաստում է «Ուլինա կամ Զեյթուն» տեղագրականը, որի ձեռագիրը Հ. Ալլավհվերդյանը, յուրացնելով իբր իր աշխատանքը, հանձնել է մամուլին:

1885-ին Սսում վարժարան է բացում, սակայն կարճ ժամանակից փակել է: Նույն թվականին տեղափոխվել է Կ. Պոլիս և Գալֆայան որբանոցի վարժուհիներից մեկի հետ ամուսնացել: 1885-1887-ին Կյումյուլճինեի և Զեյթունի վարժարանների տնօրեն:

1887-1890-ին Սամսոնիում հայ կրթարան է հիմնում: Այնուհետև, իբրև հնչակյան գործիչ, քարոզչությաուն է ծավալում գավառներում, սակայն ձերբակալվում է և կնոջ հետ հինգ տարի անցկացնում Մարաշի և Հալեպի բանտերում: Ազատվելով բանտից` վերադառնում է Կ. Պոլիս և մեկ տարի պաշտոնավարում է Քաղկեդոնի Արամյան վարժարանում:

1896-ի կոտորածների ժամանակ ընտանիքով փախել է Եգիպտոս, դադարել կուսակցական լինելը, նվիրվել գրական, կրթական, հասարակական գործունեությանը: Կահիրեում հիմնել է վարժարան, որը գոյատևել է չորս տարի. այդ ընթացքում հրատարակել է «Փյունիկ» կիսամյա և «Նոր օր» եռօրյա պարբերականները:

 1904-1906-ին եղել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանի տնօրեն: 1907-ին մեկնել է Ռումինիա, իսկ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, մի պահ շարունակել է «Փյունիկը», նաև «Գաղափար» (42 համար) թերթը, խմբագրել է «Մանզումե էֆքյար» օրաթերթը, որտեղ տպագրել է «Բանտե բանտ» վեպը, որն առանձին գրքով լույս է տեսել 1910-ին:

Իր ծննդավայրից ընտրվել է ազգային երեսփոխան: 1909-10-ին հրատարակել է «Բուրգերեն», «Ավարայրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, ապա ծավալուն վեպերՅըլտզե Սասուն», «Սասունեն ետքը»` Ա. «Դիակապուտներ», Բ. «Դեպի Սասուն», «Իննսունվեցը» վեպերը, որոնք լույս են տեսել 1910-1912ին: Նրա գրչին են պատկանում նաև «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը», «Վերջին բերդը», «Արյունի ճամբուն վրա», «Արյունի ձորը» և այլ վեպեր: Գրել է նաև պատմական աշխատություններ, ինչպես` «Հայկական ընդհանուր պատմություն» (1912), «Արևելյան խնդիր» (1914) և այլն: Գրել է նաև բանաստեղծություններ:

 Հայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ սեփական ստորագրության և Հայկ, Լևոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի և այլ ծածկանուններով: «Լեռնականի մը հուշատետրը հետմահու լույս է տեսել «Բազմավեպ»ում 1931-1932-ին: Հրաշալի տիրապետել է գրաբարի և ֆրանսերենի:

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 Օգտագործված գրականություն

Հենրիկ Բախչինյան, Սմբատ Բյուրատի վիպաշխարհը (վեպերի վերապատումներ, քննություն, բնագրեր), Ե., ԳԱԹ հրատ., 2002, 320 էջ:

 

Advertisements