Մայր Աթոռում տեղի ունեցավ Ս. Մյուռոնի բաշխման արարողությունը


Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Նորօրհնյալ Ս. Մյուռոնի բաշխումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ուրախությամբ փաստելով, որ տոնական օրերը Մայր Աթոռում եզրափակվում են Հաղթության Սրբալույս Մյուռոնի բաշխմամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Մյուռոնով լի անոթները փոխանցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսության 37 թեմերի առաջնորդներին:
Բաշխման արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին:

Փառք և գոհություն հայտնելով Բարձրյալին Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնելու շնորհի համար` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որ ամեն յոթ տարին մեկ կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր մեջ հոգևոր նորոգության խորհուրդն ունի, և ստեղծված մթնոլորտը, աշխարհի տարբեր կողմերից մեր հավատացելոց խանդավառ մասնակցությունը վկայությունն է մեր հոգևոր զարթոնքի: Աշխարհասփյուռ մեր զավակներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց առաջնորդները Սրբալույս Մյուռոնը տանելու թեմեր և այնտեղ կազմակերպելու Ջրօրհնյաց արարողություններ, որպեսզի դրանց միջոցով հավատացյալները կարողանան արժանանալ Սրբալույս Մյուռոնի շնորհներին»:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի մուտքին կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի երկու խաչքարերի նմանօրինակների օծմանը: «Դրանք կանգնեցրեցինք այս նվիրական պահին որպես ուխտի խաչքարեր ինչպես մեր ժողովրդի, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր այցելուի համար, որպեսզի նրանք, հաղորդ դառնալով այդ խաչքարերի խորհրդին, ծանոթանալով դրանց պատմությանը, ոչ միայն անդրադառնան այն ահավոր ոճրին, որ տեղի ունեցավ մեր ժողովրդի նկատմամբ 1915 թվականին, այլ նաև դատապարտելու նման ոճիրները, իրենց ջանքն ու ներդրումը բերելու, որպեսզի աշխարհում կանխվեն մարդկային կյանքի հանդեպ նմանօրինակ ոճիրները», – ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Խոսելով հոգևորականների առաքելության մասին` Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից, որ հոգևորականները նորոգված հոգով վերադառնան իրենց թեմերը, իրագործեն հավատավոր զավակների սպասումները և հոգևոր ու հոգեկան մխիթարություն բերեն նրանց: Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ յուրաքանչյուր հայ եկեղեցականի ուսերին նվիրական պարտք կա ծանրացած` անստվեր և պայծառ պահելու Եկեղեցու բարի համբավը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի խոնհարումով արտաբերի Հայ Եկեղեցու անունը և երախտագետ սրտով առ Աստված աղոթք բարձրացնի ազգային կյանքում հայ եկեղեցականության բերած ծառայության համար:
Վեհափառ Հայրապետը նաև մաղթեց, որ Տերը հաստատուն պահի Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով հանդերձ և նրա հոգևոր դասին զարդարի Սրբալույս Մյուռոնի շնորհներով` խանդավառ սրտով շարունակելու իր առաքելությունը Աստծու փառքի և հայ ժողովրդի հարատևության համար:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Մյուռոնօրհնության արարողության ու հարակից միջոցառումների կազմակերպիչ հանձնախմբին և Մայր Աթոռի պաշտոնեությանը նվիրյալ ծառայության համար:

Աղբյուր՝  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Advertisements