Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Թիլեկ գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Նույն օրն ինձ հանդիպեց թուրք մի երիտասարդ և առաջարկեց գնալ իր մոտ որպես ստրուկ: Այդ երիտասարդի հետ էին նաև ուրիշ երկու երիտասարդներ: Ես հրաժարվեցի՝ ենթադրելով, որ երեք երիտասարդներ ուզում են ինձ քաղաքից դուրս հանեն և զվարճանալու համար ինձ սպանեն: Այդ տղաներից մեկը սկսեց հայերեն խոսել և խորհուրդ տվեց գնալ և ավելացրեց.«Եթե սրանց նպատակը քեզ սպանելը լինի, արդյոք,  որպես հայ, ես քեզ խորհուրդ կուտամ, որ գնաս: Գնա,՛ մի՛ վախեցիր և աշխատիր մի կերպ գլուխդ պահել, տեսնենք ինչով կվերջանա, այս ահավոր եղեռնը»:

Այդ տղուն լսելուց հետո որոշեցի գնալ և անտեր-անտիրական մեջտեղները թափառելուց ազատվել: Ինձ մոտ եղած դրամը տվի Ռուբենին և հետևեցի այդ տղին: Օրը մթնել էր, երբ հասանք Թիլեկ կոչված գյուղը: Գնացինք տուն: Հյուսեինը (այդպես էր երիտասարդի անունը) ինձ ներկայացրեց մորը՝ Զյուպետեին, 38-40 տարեկան, վայելչակազմ, համակրելի մի կին, շատ լավ ընդունեց ինձ: Ամուսինը գնացել էր բանակ և գնալուց ի վեր ոչ մի լուր չէին ստացել, բացի Հյուսեինից, որ կլիներ 18-19 տարեկան, ուներ նաև 3 տղա ու 3 աղջիկ: Հյուսեինից փոքրը՝ Վահեն, Հաֆիզը և Մոհեդտին, աղջիկները՝ Զիլֆինազը, Շաքիեն, փոքրի անունը չեմ հիշում:

Հյուսեինի մայրը պղնձի ամանով սուլու-քյուֆթե դրեց սեղանին, բայց ես չկերա, որովհետև կուշտ էի և հոգնած: Իմ տիրուհին նկատեց, որ հոգնած եմ, առաջարկեց իրեն հետևել, ինձ տվեց մի քանի քուրջեր և ինձ տարավ գոմ: Քուրջերից մեկը փռեց մսուրի մեջ, ասաց, որ այդտեղ պառկեմ ու ճրագը վերցնելով՝ գնաց: Ես մտա մսուրի մեջ ու պառկեցի: Գոմը տաք էր և այնքան ընդարձակ չէր. կար երեք անասուն, մի ձի, էշ և մի կով: Հակառակ նրան, որ դեռ երեկ երանություն կհամարեի, եթե այդպիսի տեղ ունենայի, բայց ինձ ծանր թվաց: Հիշեցի մորս. նա գյուղացի հյուրերի համար հատուկ անկողիններ պատրաստած էր, երբ գյուղացի հյուրեր լինում էր, դրանց պառկեցնում էր այդ անկողիններում: Տնից հեռանալու օրից անցել էր հազիվ 3 ամիս և ահա նույնանման գյուղացու տանը ինձ պառկեցնում են ցնցոտիների մեջ՝ գոմում:

Իմ այս տերերը ունեին 2 հարկանի տուն՝ փոքրիկ բակով, առաջին գետնահարկը անասունների գոմ և հարդանոց էր: Ընկել էի այսպիսի մի ընտանիք, որտեղ աշխատելու էի որպես ստրուկ՝ առանց վարձի:

Մի քանի օր հանգստանալուց հետո մի առավոտ Վահիեի հետ գնացի դաշտ՝ ոչխար արածեցնել սովորելու: Ես այնպես էի կարծում, որ ոչխարները կապված չեն, հետևապես յուրաքանչյուր ոչխար, ցանկացած կողմը կգնա, բայց պարզվեց, որ ոչ թե իրարից բաժանվում, այլ ընդհակառակը՝ իրարից բաժանել հնարավոր չէր: Այդ օրը Վահիեն ինձ բացատրեց հովվության հետ առնչվող գիտելիքները, իհարկե, ինչ որ գիտեր, ես այդ օրվանից դարձա հովիվ:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements