Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Դարերի ընթացքում հայ մարդու իղձն ու փափագն է եղել գոնե կյանքում մեկ անգամ ականատես լինել Մյուռոնօրհնության սրբազան արարողությանը: Մարդիկ եկել են աշխարհի չորս կողմերից ոչ միայն մասնակցելու այս շքեղ հանդեսին, այլ նաև իրենց առատաձեռն նվերները հանձնելու Ս. Էջմիածնին` Հայոց Եկեղեցու զորացման և պայծառության համար: 1897 թ. սեպտեմբերի 14-ին Խրիմյան Հայրիկը Մայր Աթոռում կատարում է իր առաջին Մյուռոնօրհնությունը: Ժամանակի «Արարատ» ամսագիրը, նկարագրելով արարողության մանրամասները, գրում է, որ վանքի բակում կարելի էր լսել բոլոր բարբառներն ու Կովկասի լեզուները` վերջում հավելելով. «Այդ երեկո հրավառություն կար վանքի բակում և ճեմարանում:

Նվագում էին զինվորները, որոնց հետ մրցում էին աշուղները իրենց ազգային ժողովրդական երգերով: Երեք օր շարունակ Մայր Տաճարը լիքն էր ուխտավորներով, որոնք ամեն ջանք գործ էին դնում, որ հարյուրավոր վերստեր գալուց հետո կարողանան գոնե մի անգամ համբուրել Ս. Մյուռոնի կաթսան: Սրբալույս Մյուռոնի կաթսան մինչև այժմ դրված է Ս. Հովհաննու Մկրտչի սեղանի վրա, ամեն օր շրջակա տեղերից նոր նոր ուխտավորներ են գալիս կանաչ Մյուռոնի կաթսան համբուրելու»: Ուշադրություն դարձրեք տարեթվին, երբ քաղաքական վիճակը բարվոք չէր, բայց մեր ժողովրդի զավակները, անտեսելով ամեն ինչ, սրտանց ուրախանում էին, քանզի աներկբա հավատում էին հայոց հոգևոր կենտրոնի` Ս. Էջմիածնի անսասանությանն ու զորությանը:

 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements