Տեղի ունեցավ եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը


Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ “Բերքի տոն 2015” ավանդական տոնահանդես միջոցառումը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Տոնի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերո Կարապետյանը: 2015 թվականին վայոցձորյան այգիներում ու դաշտերում արտադրված մրգի ու բանջարեղենի օրհնության կարգը կատարվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձոր քաղաքի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ:

Մարզպետ Հ.Սարգսյանը ողջույնի իր խոսքում տոնական տրամադրություն մաղթեց բերքի տոնի մասնակիցներին: Նա անդրադարձավ երկրի սահմաններում եղած լարվածությանը, բարեմաղթեց հայ զինվորին խաղաղ ծառայություն, իսկ վայոցձորցիներին՝ խաղաղ կեցություն և խաղաղությամբ արտադրած բերք ու բարիքի բարի վայելում: Մարզպետ նշեց, որ եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը և հավելեց, որ բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոն լինելու սահմաններից և դարձել մարզային տոնակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայոց բանակի գեներալներ՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր՝ ՀՀ այլ մարզերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տոնակատարության մասնակիցները համտեսեցին ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված համայնքների տաղավարների անուշահամ ուտեստները և հիացան սեղանների գեղեցիկ ձևավորումներով:

Միջոցառման համերգային ծրագիրը Վայոց ձորին նվիրված երգի գեղեցիկ կատարումով բացեց բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վայոցձորցի սիրված երգիչ Արթուր Կարապետյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին արմատներով վայոցձորցի սիրված երգչուհի Նարինե Դովլաթյանը, ազգագրական երգի-պարի “Մասունք” համույթը, վայոցձորյան անհատ կատարողներ Կարեն Մելքոնյանը, Լուսինե Ստեփանյանը, Լուսինե Կարպետյանը, մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր՝ Եղեգնաձորի մշակույթի տան դհոլոհարների խումբը, Վայքի ՄՍԿ-ի “Անուրջներ” Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Գետափ “Զմրուխտ”, Գնդեվազի “Գեոթիմ”, Ագարակաձորի “Ագարակաձոր” պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի “Ֆլամինգո” պարային դպրոցի և Շոտոկան կարատեի դպրոցի սաները:

Համերգային ծրագիրն ընդհատվեց մրցանակաբաշխության հաղթած համայնքներին և մշակութային լավագույն կատարումների համար պարգևատրման հանդիսությամբ: Այնուհետև մինչ ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը և առավել տոնականորեն պարուրում վայոցձորցիների ավանդական բերքի տոնի մասնակիցների տրամադրությունը:

Մնում է ավելացնել՝ քեզ դալար բազուկ աշխատասեր, քարից հաց քամող վայոցձորցի և անամպ երկինք:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

Advertisements