Վայոց Ձորի թեմ

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Advertisements

 

Հնում Ս. Մյուռոնով օծվել են նաև հայոց թագավորները: Հայկական ձեռագրական հավաքածուներում պահպանվել են թագավորի օծման կանոնի մի քանի խմբագրություններ, որոնք տարբերվում են իրենց բովանդակությամբ և շեշտադրություններով: Քանի որ թագավորի օծումը, Մյուռոնօրհնեքը և եպիսկոպոսի ձեռնադրությունը վերապահված են միայն կաթողիկոսին, կաթողիկոսական օծման հետ դրանք զետեղվել են հատուկ կաթողիկոսական «Մաշտոցում»:

 Բնական է, որ այսպիսի «Մաշտոցներ» քիչ են եղել և պահվել են միայն կաթողիկոսարաններում: Ցավոք, մեզ հայտնի չէ, թե ի´նչ ծեսով էին թագավոր օրհնում Արշակունյաց շրջանում: Բայց պատմական տվյալները վկայում են, որ Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների շրջանում թագավորական հանդեսը կատարվում էր օծմամբ: Կրկին աշխարհաքաղաքական և արևմտյան ազդեցության նկատառումներով վիճելի է եղել, թագավորի` լատինական կամ հայկական ծեսով օծված լինելը: Երբ ուժեղ է եղել արևմտյան ազդեցությունը, աղբյուրները խոսում են լատին ծեսի մասին, իսկ հայկականության զորացման ժամանակ ընդգծում են, որ օծումը կատարվել է հայկական ծեսով և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:

Հետաքրքրական է, որ անգամ Կլիկիյան թագավորության անկումից հետո, թագավորի օծման կանոնի ընդօրինակված ձեռագրեր ունենք: Սա վկայում է, որ 1441 թ. Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսության վերահաստատումից հետո, մեր նախնիները կրկին թագավոր ունենալու մեծ հույս ունեին: Մաշտոցյան Մատենադարանի թիվ 4997 ձեռագրում, որը գրվել է 1461 թ. Ս. Էջմիածնում Զաքարիա Աղթամարցու պատվերով և Ստեփանոս կրոնավորի ձեռքով, պահպանվել է այս մանրանկարը և թագավորի օծման կանոնը: Օծումը կատարվում է Ս. Պատարագի ժամանակ: Հայրապետը խաչանման օծում է թագավորի գլուխը, կուրծքը, թիկունքը և երկու բազուկները` ասելով. «Օծում եմ քեզ թագավոր այս սուրբ յուղով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով. ամեն»: Ապա օծում է երկու ձեռքերի ափերը` ասելով. «Այս յուղով օծում եմ ձեռքերդ, որով օծվեցին թագավորներն ու մարգարեները, որով Սամուելն օծեց Դավիթ թագավորին, որպեսզի սրանով օրհնված լինես և հաստատված արքա այս ժողովրդի վրա, որին Աստված տվեց քո ձեռքը` հովվելու ի փառս Հոր, Որդու և Սուրբ Հոգու»: Այս ծեսը բաղկացած է աղոթքներից, սաղմոսներից, ավետարանական ընթերցվածից և հարց ու պատասխաններից: Թագավորի օծման կարգն ավարտվում է, երբ թագավորը Ս. Հաղորդություն է ստանում:

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements