ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Ահմեդ էֆենդին

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

 Տիրուհիս ուներ 2 եղբայր՝ Ահմեդ և Սյուլեյման: Ավագը՝ Ահմեդը, կլիներ 40-45 տարեկան, ուներ 2 կին, առաջինը նրա տարեկիցն էր և տգեղ, որի հետ ամուսնացել էր իր կալվածքների համար, երկրորդը՝ Զեոհրեն, իրենից 20 տարով փոքր էր, Մալաթիա քաղաքից էր: Զեոհրեն ունեցել է հարուստ հայ դրացիներ, որոնց հետ մոտիկ հարաբերություն է ունեցել: Ահմեդ կոչեցյալ սրիկան մտածում է, թե ինչ միջոցի դիմի, որ այդ ունևոր հայերի հարստությանը տիրանա, և այսպիսի միջոցի է դիմում. գյուղում գտնում է 2-3 իր նման ոճրագործների և սրանց հետ գնում է քաղաք, որտեղ, չմտած, ընկերներին պատվիրում է, որ մոտակա ծառերի տակ իրեն սպասեն, իսկ ինքը գնում է Զեոհրեի հարուստ հայ դրացիների մոտ: Տանը մնացած են լինում միայն կանայք և երեխաները (այրերին սպանած են լինում), որոնց խոստանում է ազատել տեղահանությունից և տանել գյուղ Զեոհրեի մոտ պահել: Հավատում են, վերցնում են իրենց թանկարժեք ունեցվածքը և հետևում Ահմեդին: Լինում են հինգ կին և 12 տարեկան մի պատանի: Քաղաքից դուրս գալիս գյուղի ճամփին, իբր, պատահական հանդիպում են Ահմեդի ընկերներին: Գյուղի ճամփին լինում է Ղանլը Տերե անունով փոքր մի ձոր՝ 2 ոչ բարձր բլուրների մեջտեղում:

Այդ խեղճ կանանց տանում են այդ ձորը և մորթում են (հրազենի գնդակը նույնիսկ խնայում, հայերին ոչխարի նման մորթում են), զոհերի ունեցվածքը վերցնում և չքվում են: Բայց ինչպես է պատահում, որ մյուս կանանց նման երիտասարդ  Գեղեցիկին չեն կարողանում գլուխը լրիվ կտրել. որոշ ժամանակ անց կիսատ մորթված կինն ուշքի է գալիս, տեսնում ողջ է, գլուխը բռնած՝ գալիս-հասնում է ճամփեզրին:

Առավոտյան մի ծերունի, միևնույն գյուղից էշն առաջքը գցած, քաղաք գնալիս հանդիպում է այդ վիրավոր կնոջը և մի կերպ վերքը կապում, էշին նստեցնում ու տանում է քաղաքի հիվանդանոց, ուր երիտասարդ թուրք վիրաբույժը վիրավորին ցույց է տալիս բժշկական անհրաժեշտ օգնությունը: Այդ ժամանակամիջոցին սիրահարվում է այդ կնոջը: Բուժելուց հետո ամուսնանում է և բժշկի խորհուրդով  ու աջակցությամբ, որպես մուսուլմանի կին, բողոք է ներկայացնում դատարան: Դատավորը հրահանգում է ոճրագործներին ձերբակալել:

Մինչև դատավարության տեղի ունենալն այս ոճրագործերին ամեն գիշեր բանտից տանում էին հայերին հատկացված սպանդանոցը՝ հայ մորթելու: Այս խոստովանությունը լսել եմ Ահմեդից: Ի՞նչ զազրելի կեղծիք. մի կողմից ոճիր, սպանություն: Կոտորած լինելուն համար, իբր, մեղադրում են, մյուս կողմից պարտադրում են միևնույն ոճիրը կատարել ամեն գիշեր:

Մալաթիայի դատարանը ոճրագործներին մահվան դատապարտեց և մեղադրյալները բեկման դիմում ներկայացրին Խարբերդի Վճռաբեկ ատյանին:

Ես, որ գնացի Թիլեկ գյուղը, դրանք բանտումն էին, սպասում էին Վճռաբեկ ատյանի վճռին: Մի տարի քաշքշելուց հետո Խարբերդի Վճռաբեկ ատյանը Մալաթիայի դատարանի վճիռը բեկանեց և «անմեղ» ոճրագործներին ազատ արձակեցին: Իհարկե, մի պատկառելի կաշառքի դիմաց, և, որպես պատվավոր քաղաքացիներ, վերադարձան իրենց տները և սկսեցին պարծանքով պատմել իրենց կատարած ոճրագործությունները դրսում, թե բանտում՝ գեղազարդարված նկարագրությամբ:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements