Այսօր Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նոր օրհնված Սուրբ Մյուռոնով օծեց սահմանամերձ Խաչիկ և Արտաբույնք համայնքների Սբ. Աստվածածին եկեղեցիների գմբեթների խաչերը, որոնց բարերարն էր Համլետ Մարգարյանը:
Օրն այսօր կրկնակի տոնական էր սահմանամերձ Խաչիկ համայնքում, քանի որ նշվում էր նաև համայնքի տոնը և «Գաթայի փառատոն»-ը:
Նախ տեղի ունեցավ խաչերի օծման արարողությունը, որը նախաձեռնել էր Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սրկ. Մաթևոսյանը:
Առաջնորդ Սրբազան Հայրը Մայր Աթոռից բերված նոր օրհնված Ս. Մյուռոնով օծեց Սբ. Խաչերը, որից հետո խանդավառ ծափերի ներքո այն զետեղվեց Սբ. Աստվածածնի գմբեթին, իսկ մյուս խաչը տարվեց Արտաբույնք` այն եկեղեցու գմբեթին զետեղելու համար:
Սրբազան Հայրը հանդես եկավ օրհնության խոսքով, որը եզրափակեց՝ ասելով.<< Թող հաղթության մյուռոնով օծված հաղթանակի նշան Սուրբ Խաչը միայն օրհնություն և հաղթանակ պարգևի Ձեզ և հովանի լինի մեր հայրենիքին ու եկեղեցուն>>:
Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն օրհնեց տոնը խորհրդանշող գաթան, որից հետո սկսվեց տոնախմբությունը: Ի դեպ, այս տարվա գաթան թխված էր 2,5 մ տրամագծով:
Այնուհետև ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:
Տոնի խորհուրդն ու համայնքի պատմությունը պարբերաբար ներկայացվում էր հյուրերին:
Հանդիսության ընթացքում ելույթ ունեցան Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը, Խաչիկի զորամասի զինվորական փողային նվագախումբը, համայնքի պարային համույթը և «Սայաթ–Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:
Դեպի հրապարակ տանող ճանապարհի տաղավարներում ներկայացվում էին գյուղը խորհրդանշող հուշանվերներ, նկարներ և ճաշատեսակների նմուշներ, որոնցով համայնքի բնակիչները հյուրասիրում էին ներկաներին:
Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը ևս ներկայացրել էր «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագրի շրջանակներում իրականացված բատիկի և պոլիմերային կավի խմբակների մասնակիցների պատրաստած աշխատանքերը:
Ուրախալի է, որ այս տարի ևս համայնքի տոնին մասնակցում էին ոչ միայն մարզի տարածքից եկած հայորդիներ, այլև՝ Հայստանի տարբեր մարզերից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ մասնակիցներ:
Ողջ այս հանդիսությունը կազմակերպվել էր համայնքապետարանի և համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սրկ. Մաթևոսյանի ջանքերով:
Թող Սուրբ Մյուռոնն օրհնաբեր լինի Խաչիկ համայնքի համար, և նորաօծ Սուրբ Խաչը թող պահպանի, զորացնի խաչիկցիներին ու մեզ բոլորիս:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու