«Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


«Մայրերի ափի մեջ պիտ փնտրել
ազգերի ճակատագիրը»:
( Գ. Նժդեհ)

Վերջերս Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մի′ սպանիր» ծրագրի բացումը,  որը վերաբերում էր սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների կանխարգելմանը:

Լուսանկարները՝ Էդվարդ Բագրատունու

Այս ծրագրի նպատակն է նպաստել սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական, ժողովրդագրական լուրջ հետևանքների կանխմանը, իսկ հիմնախնդրին առնչվող թիրախ խումբ՝ երիտասարդ կանայք, մայրեր, ուսանողներ, ավարտական դասարանի աշակերտուհիներ: Հիմնախնդրի լուծման ուղիներ առաջարկվող ծրագրի շրջանակներում. Կրթել, հնարարավորինս փոխել քարացած ավանդական մտածելակերպը, բարձրացնել հասարակության մեջ կնոջ դերը՝ բուկլետների, պաստառների, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և քննարկումով, համապատասխան բժիշկ մասնագետի մասնակցությամբ, խնդրի վերաբերյալ համապատասխան հանրային ակցիա կազմակերպելով, սոցիալական ցանցերում համապատասխան էջեր ստեղծելով և ծրագրի հանդիպումների նկարահանումներով տեսանյութի պատրաստումով և ստեղծված ցանցերում տեղադրելով:

Բացման արարողությունն սկսվեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանի օրհնության խոսքով և աղոթքով:

Այնուհետև երիտասարդ ստեղծագործող Արման Վարդանյանը հանդես եկավ իր «Բալլադ որդու և մոր մասին» երգով:

Թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ այս ծրագիրը անցյալ տարի էր իրականացվել և հունիսմեկյան ակցիայի ժամանակ մի մայրիկ փոխել էր իր որոշումը, և ծնվել էր նրա հրաշք փոքրիկը՝ Արշակը: Վերջինս իր մայրիկի հետ ծրագրի բացման մասնակիցն էր ու կարծես՝ օրվա հերոսը լիներ:

Միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանից ու քաղաքապետարանից ներկայացուցիչներ, ուսանողներ, ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ, ուսուցիչներ, մանկապարտեզների տնօրեններ, երիտասարդներ և տարեցներ:

Վերջում Խնկանուշ Մարկոսյանը ավելացրեց, որ եկեղեցին ևս ակտիվ մասնակցում է այս ծրագրին՝ կանխելու համար այն աղետը, որը սպասվում է ազգին, որովհետև հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված աբորտների այս քանակի արդյունքում 2060թվ.-ին չի ծնվի 93000 կին կամ ապագա մայր, որը կհանգեցնի նրան, որ ազգը կպակասի ևս 80000-ով:

Այս ծրագիրը իրականացվելու է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Ռինդ, Չիվա, Մալիշկա, Շատին, Գլաձոր և Վերնաշեն համայնքներում:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

Advertisements