Վայոց Ձորի թեմ

Գեղամ Բարսեղյան (1883-1915)

Advertisements

Գեղամ Բարսեղյան (1883, Կ.Պոլիս – 1915), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։

Գեղամ Բարսեղյան (1883-1915)

Սովորել է ծննդավայրի Պեզճյան և Կեդրոնական վարժարաններում, հետևել Փարիզի Սորբոնի համալսարանի դասընթացներին։ 1914-ին «Մեհյան»–ի խմբագիրներից մեկն էր։ Նշենք, որ «Մեհյան» գրական-գեղարվեստական ամսագիրը լույս է տեսել 1914-ին Կ.Պոլսում։ Տնօրեն-խմբագրապետը եղել է Կոստան Զարյանը, խմբագիրները՝ Գեղամ Բարսեղյանը, Հակոբ Օշականը։ «Մեհյանին» աշխատակցել են Դանիել Վարուժանը, Վահան Թեքեյանը, Հակոբ Սիրունին, Լ. Էսաճանյանը և այլք։

Գեղամ Բարսեղյանը խմբագրել է նաև «Ազդակ» հանդեսը, «Ազատամարտ» օրաթերթը։ Գեղարվեստական երկերում՝ պատմվածք, նորավեպ, արձակ բանաստեղծություն, զրույցներ, պատկերել է աշխատավորների կյանքը, հայ ժողովրդի ծանր վիճակը թուրքական լծի տակ։

 Ներբողել է այդ լծի դեմ պայքարող մարտիկների կամքի ուժը։ Դրանք իրենց արտացոլումն են գտել նրա «Ապագա քաղաքին խուզարկիչը», «Սպասումս կախաղանին վրա», «Այսպես պատմեց Վրիժաբիբ Ազատությունը», «Ձյունամրրիկը» և այլ ստեղծագործություններում։

 1931-ին Փարիզում լույս է տեսել Գեղամ Բարսեղյանի «Ամբողջական գործը»։ 1915-ի սահմռկեցուցիչ օրերին 30 տարեկանում նահատակվել է։

Գ.Բարսեղյանին է ձոնված Միսաք Մեծարենցի «Ի՜նչ արբեցությամբ» բանաստեղծությունը։

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

 Օգտագործված գրականություն

Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002։

Յուշարձան նահատակ մտավորականութեան, Երևան, 1990թ.։

 

 

Advertisements