Վայոց Ձորի թեմ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Advertisements

 

1զ. Տարբերություններ, որոնք կապվում են փոխազդեցական հնչյունափոխության տարբեր դրսևորումների հետ:

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Մասնավորապես ամփոփում (հապլոլոգիա) կոչվող հնչյունափոխության դեպքերը, որ Աճառյանն անվանում է արագաբանություն, միանշանակ չեն գործում լեզվի երկու տարբերակներում, այսինքն` երևույթը դրսևորվում է տարբեր բառերում: Արևելահայերենում աշխարհահայացք բառը ամ­փոփման հետևանքով դարձել է աշխարհայացք, իսկ արևմտահայերենում այս բառը նման հնչյունափոխության չի ենթարկվում՝ աշխարհահայեացք:

 Անձնանուէր բառը արևելահայերենում ամփոփման հետևանքով դարձել է անձնվեր, իսկ արևմտահայերենում մնացել է անփոփոխ: Արևմտահայերենն ունի գրականական բառը, որ արևելահայերենում նույն պատճառով դարձել է գրական: Կան նաև հակառակը վկայող երևույթներ, երբ հնչյունափոխական այս երևույթը դրսևոր­վում է միայն արևմտահայերենում:

Այսպես, աշնանավար, աշնանացան, դարմանանոց, էլեկտրականանալ, միստիկականություն, նամակակցել, պաշտոնականանալ, ջրհորդան բառերի դիմաց արևմտահայերենը գործածում է աշնավար, աշնցան, դարմանոց, էլեկտրականալ, միստի­կանություն, նամակցել, պաշտոնականալ, ջորդան (նաև ջրորդան) հնչյունափոխված ձևերը:

Միայն արևմտահայերենում հանդիպող առտու բառի բացատրությունը Աճառյանը կապում է հնչյունափոխական այս երևույթի հետ. Կրճատման շատ լավ օրինակ է առաւօտ” Պոլսի բարբառով առտու, որ հոլովական առաւօտու ձևի կրճատումից է առաջացած. հոդով էլ ասվում է առտուն, այն է առաւօտուն, որի նմանությամբ էլ ունենք երեկոյն — իրիկուն, հոդով՝ իրիկունը, նույնիսկ Պոլսի բարբառով ՝ իրինգունը» (Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, Եր. 1971, էջ 711) :

Այսպիսով առաւօտուն – առտուն անցումը Աճառյանը կապում է ամփոփման հետ: Երևույթը առավել ակնհայտ է դառնում, երբ առա­ւօտուն բառի о – ն գրում ենք նախնական՝ երկբարբառային գրու­թյամբ՝ առաւաւտուն, որտեղ ամփոփման յուրահատուկ դրսևորում է դառնում կրկնվող աւ հնչյունախմբերից ոչ միայն մեկի, այլև երկուսի կրճատումն առհասարակ: Իսկ իրիկուն բառաձևի առաջացումը Աճառյանը բացատրում է համաբանությամբ:

Շարունակելի…

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ:

Advertisements