ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


 

Նկատվում են նաև առնմանման և տարնմանման՝ տարբեր բառե­րում ի հայտ գալու փաստեր: (Ի դեպ, հիշյալ հնչյունափոխական երևույթի ՝ ձայնավորների նկատմամբ դրսևորումր անվանում են նաև ձայնավորների ներդաշնակություն (սինհարմոնիա):

Կարին(Էրզրում)

Կարին(Էրզրում)

Ահա նման բառերի մի քանի օրինակներ արևմտահայերենում և արևելահայերենում՝ երախայ – երեխա, երեշտ – երաշտ, երագ – արագ, շողգամ – շաղգամ, ցորեկ – ցերեկ և այլն: Հնչյունափոխության այս տեսակը լայնորեն դրսևորվում է արտասա­նության պլանում: Սակայն ինչպես վերոբերյալ օրինակներում է երևում, առնմանման և տարնմանման հետևանքով առաջանում են նոր բառաձևեր, որոնք հետագայում սկսում են համարվել կանոնական ձևեր: Հանրահայտ է Պ. Դուրյանի ստեղծագործության հետ կապված օրինակը. «Թե կույսը չ՝ըլլար մաքուր ու ամբիծ…»:

 Դեռևս Հայկազյան բառարանում հանդիպող գրության այս տարբերակը հետագայում օրինականացվել է, և այսօր արևմտահայերենի բոլոր բառարանները այս ձևը համարում են կանոնական և ընդունելի: Ավելին, ՀԼՆԲ – ն անբիծ բառը հղում է ամբիծ-ին՝ վերջինս համարելով միակ ընդունելի ձևը: Պատճառը բ երկշրթնայինի ազդեցությամբ ն առաջնալեզվայինի երկշրթնայնացումն է, որի հետևանքով կատարվել է ն – մ հնչյունափոխությունը: Ասվածը հավասարապես վերաբերում է ամբավ բառաձևին, որի մեջ առկա է նույն հնչյունափոխական երևույթը: Ամբա­րիշտ բառը արևմտահայերենում հանդիպում է նաև անբարիշտ և անպարիշտ ձևերով, սակայն բառարանները նախընտրությունը տալիս են ամբարիշտ – ին :

Նույն բառարանը ամպ – ամբ (մ ձայնորդի ազդեցությամբ խուլ պ – ի ձայնեղացում) բառաձևերը տալիս է զուգահեռաբար՝ ընդունելով դրանց հավասարազոր գոյության իրավունքը:

Արևելահայերենի գրազ գալ արտահայտությունը արևմտահայերենում հանդես է գալիս գրավ գալ ձևով: Հր. Աճառյանը այդ բա­ցատրում է առնմանմամբ, որ նա անվանում է համանմանություն:

«Օրինակ թուղթ բառի մեջ, որ հնչվում է թուխթ, ղ համանմա­նությամբ դարձել է խ: Համանմանության օրինակ է, նմանապես, գրաբար ի գրաւս գալ > գավառական գրազ գալ, նախդիրը նախ ջնջվելով և ւ ձայնը ընկնելով, ստացվել է նախ գրաս գալ, ապա ս-ն ազդվելով նախորդ և հաջորդ թրթռուն գ-ից, ինքն էլ դարձել է թրթռուն» (Նույն տեղը, էջ 686):

Ելնելով այս բացատրությունից ՝ Աճառյանի կողմից գավառական անվանված գրազ գալ ձևը օրինականացել է արևելահայ գրականում, մինչդեռ արևմտահայերենում կատարվել է այլ հնչյունափոխություն, ընկել է բառավերջի թույլ դիրքում գտնվող ս – ն՝ առաջացնելով գրավ գալ ձևը:

 

Շարունակելի…

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ:

 

 

Advertisements