«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրը Վայոց ձորի մարզում


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ)  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացնում է «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրը, որի շրջանակներում ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու պրն. Արշավիր Գաբուջյանը, Բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 23-ին այցելեցին ՀՀ Վայոց ձորի մարզ և հանդիպում ունեցան մարզի հայոց եկեղեցու պատմության (ՀԵՊ) ուսուցիչների հետ:

ՀԵՊ ուսուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, ուր նրանց հյուրընկալեցին դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը,  ՔԴԿ Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը և ՔԴԿ Վայքի տարածաշրջանի պատասխանատու Մերի Ջանոյանը:

«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրը Վայոց ձորի մարզում

Մինչ ուսուցիչների հետ հանդիպումն սկսելը հոգևոր հայրերը մասնակցեցին  Ուսուցչի օրվան նվիրված  միջոցառմանը, որտեղ օրհնության խոսքով հանդես եկավ Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:

Այնուհետև նրանք գնացին լսարան, ուր նրանց հետ հանդիպման էին սպասում ՀԵՊ ուսուցիչները:

Հանդիպումն սկսվեց Տերունական Աղոթքով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև Աստվածաշնչյան մեկնություններով հանդես եկավ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու պրն. Արշավիր Գաբուջյանը, ապա հրավիրեց Սրբազան Հորը՝ իր օրհնության խոսքը հղելու ներկաներին:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Վարդան Սրբազանը, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպս. Մկրտչյանին, ապա՝ մարզային իշխանություններին, դպրոցների տնօրեններին, ՔԴԿ  տ/շ  պատասխանատուներին՝ արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև անդրադարձավ ՀԵՊ ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերը հոգևոր-ազգային դաստիարակության գործում:

Հանդիպման ավարտին, գլխավորությամբ Սրբազան Հոր, հոգևոր հայրերը և տ/շ պատասխանատուները ՀԵՊ ուսուցիչներին նվիրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) և  Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից տրամադրված Աստվածաշունչ մատյանները:

Հանդիպումն ավարտվեց Տերունական Աղոթքով:

 

Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու՝  Սիրան Սարգսյան

 

 

 

 

Advertisements