Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 ԻՄ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՐՈ ՎԱԽՃԱՆԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Թիլեկ կոչված գյուղում կար 3 ոչխարի հոտ: Յուրաքանչյուրը 80-100 ոչխար՝ այծերից բաղկացած: Առավոտները ոչխարների հոտերը գյուղից դուրս բերելուց հետո  հոտերը միացնում էինք: Հերթով օրական մեկս մնում էինք ոչխարների մոտ, իսկ մյուս 2 ընկերները գնում էինք գյուղ ու հանգստանում:

Այդպես, առանց հիշելու արժանի դեպքի, առաջին տարին անցավ: Իմ տերերն ինձ վատ չէին վերաբերում, ես դարձել էի այդ տան երկրորդական անդամը: Իմ տիրուհին ինձ տեղ էր տվել իրենց ննջարանում՝ իր անկողնի կողքին:

Տիրուհուս մեծ աղջիկը՝ Զիլֆինազը, որ ինձ հասակակից էր, ինձ հետ վերաբերում էր որպես հարազատի: Ձմռան երեկոները, երբ հանդից մրսած տուն էի գալիս, ոտքերիս ջուր էր լցնում, տրեխներս ոտքիցս հանում էր, քանի որ հասակակիցներ էինք, հաճախ իրար հետ խաղում էինք ու կատակներ անում:

Ամառվա օրերից մի օր տանն էի, պատշգամբում քնած, Զիլֆինազը գալիս է ու ինձ արթնացնում՝ ասելով, որ ընկերս ինձ կանչում է, աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ ծիծաղում է, ձեռքից բռնում եմ ու դեպի ինձ քաշում: Նա ձեռքիս խփում ու փախչում է, ես էլ հետևից իջնում եմ և աստիճաններից մտնում գոմը, հասնում-բռնում եմ, փաթաթվում ու սկսում համբուրել: Այդ պահին ոտնաձայն ենք լսում և իրարից բաժանվում ենք: Նա բարձրանում է պատշգամբ, իսկ ես գնում եմ գյուղամեջ:

Երեկոյան ճաշելուց հետո գնում եմ ոչխարների մոտ, այդ օրերին մնացել էինք 2 հովիվ, հետևապես օրընդմեջ մնում էի տանը: Հետևյալ օրը ոչխարների մոտ ես պիտի մնայի. այդ օրն ինձ շատ երկար թվաց, ուզում էի շուտ տուն գնալ, որպեսզի սիրելի Զիլֆինազիս տեսնեմ:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements