Խաչի Գյուտի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հոկտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց խաչին նվիրված 4 տոներից վերջինը՝ Գյուտ Խաչը:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանն Արկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին բազմաթիվ ուխտավորներ:

Տոնի օրն Արկազի Սբ. Խաչ վանք ուխտի էին եկել նաև Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու հավատացյալները՝ գլխավորությամբ իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի:

Տեր Վազգենը, իր քարոզում խոսելով Գյուտ Խաչի տոնի առաջացման մասին, մասնավորապես անդրադարձավ խաչի խորհրդին, ինչը մեր քրիստոնյաների համար ունի կյանքի դժվարությունները հաղթահարելու և դրանք դիմագրավելու, փորձությունները հաղթահարելու և այդ ամեն ինչի միջից դուրս գալու խորհուրդը:

Վերջում Տեր Հայրը ասաց, որ խաչը մեզ հիշեցնում է Հիսուսի և Նրա պատվիրանների մասին, հորդորում է ապրել Աստծո կամքի համաձայն, իրար սիրել և իրար օգնել:

Թեմի լրատվության բաժին

Advertisements