Այսօր Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրն էՍ. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան»   տիտղոսին:

398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը:

Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին  եկեղեցական ժողովի կողմից  29 անհիմն ամբաստանություններով, աքսորման հրաման է տրվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն այնպիսի ահավոր երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ կայսրուհին ետ է կանչում նրան իր աթոռը: Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները:  Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին, Կոմանա քաղաքում:

Նրա արտասանած վերջին բառերն են. «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին, սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը` մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:

Advertisements