ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 ԻՄ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՐՈ ՎԱԽՃԱՆԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Դա իմ պատանեկան առաջին սերն էր, որը կարող էր ինձ համար կործանարար լինել, բայց բախտը, ճակատագիրը կամ դեռ չհայտնաբերված մի ուժ, ինչպես կուզեք անվանեք, ուրիշ բան էր սահմանել:

Հաջորդ օրն ընկերս չեկավ, քանի որ գնացել էր քաղաք: Ստիպված այդ օրը նույնպես տուն չկրցա գնալ: 3-րդ օրը, երբ տիրուհիս ոչխարները կթեց և տուն եկավ, հայտնեց, որ Զիլֆինազը հիվանդ է, կոկորդը ցավում է: Այդ լուրն ինձ ավելի գրգռեց. ուզում էի ժամ առաջ գնալ տուն և իմ սիրեցյալին տեսնել, բայց ճար չկար, մինչև ընկերոջս գալը, ստիպված էի հանդում մնալ: 6 օր ընկերս չեկավ, իսկ Զիլֆինազի դրությունն օր ըստ օրե վատանում էր, մայրը լաց էր լինում և ասում, որ ջերմությունը շատ բարձր է, կոկորդն ուռած է, իսկ շնչառությունը դժվարացած:

6-րդ օրն  ընկերս եկավ, այդ գիշեր չքնեցի, անհամբեր սպասում էի լուսանալուն: Հազիվ արշալույսը բացվեց՝ վազելով գնացի տուն և մինչ տեսնեմ, որ խեղճ աղջիկը վերջին վարկյաններն է ապրում, մոտենում եմ անկողնուն, դժվարությամբ ձեռքը երկարում, ձեռքս բռնում ու նվաղկոտ ձայնով ասում է. «Ա՜խ, վերջապես եկար, մեռնում եմ»:

 Հինգ րոպե հետո սիրտը բաբախելուց դադարել էր, իսկ իմ սիրտը վշտից ճմլվում էր, բայց իրավունք չունեի արտահայտվելու, արտասվելու, պատանեկան իմ սիրեցյալն անհետանում էր իմ ճամփից, որ ես ապրեմ, որովհետև հանկարծ նկատեին մեր սիրո մասին, գոնե ինձ շան նման կսատկացնեին:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements