ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ


ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԱմեն հայի սրտագին փափագն ու իղձն է եղել գոնե մեկ անգամ մասնակցել Մյուռոնօրհնության սրբազան արարողությանը, համբուրել Մյուռոնի կաթսան և տուն վերադառնալ` իր հետ տանելով աստվածահիմն Ս. Էջմիածնի և Հայոց Ընդհանրական Հայրապետի օրհնությունները:

Հնում չկային այսօրվա փոխադրամիջոցներն ու հնարավորությունները, բայց մարդիկ օրեր, երբեմն էլ ամիսներ առաջ ճանապարհ էին ընկնում` շատ հաճախ ոտքով հասնելով Մայր Աթոռ, որի բակը և շրջակայքը Մյուռոնօրհնությունից առաջ լի էր հավատացյալների բազմությամբ:

1868 թ. «Արարատ» ամսագիրը նշում է, որ սեպտեմբերի 29-ին նախատեսված Մյուռոնօրհնությունից դեռ երկու շաբաթ առաջ վանքի բակում շատ էին ուխտավորները, որոնք եկել էին Տաճկաստանից, Ռուսաստանից, Տփխիսից, Գորիից, Նախիջևանից, Ղարաբաղից, Ախալցխայից, Ալեքսանդրապոլից և Մոզդոկից: Ուխտավորների թիվն այնքան շատ էր, որ «պարտաւորեցան կանոնաւոր զորք բերել տալ յԵրևանայ երեք օր յառաջ քան միւռոնի հանդիսի օրը, որովհետև անհնարին էր խուռն բազմութիւնը յետ մղել երեկոյ առաւօտ եկեղեցականաց եկեղեցի գնալուս»:

Շուրջ 150 տարի առաջ կատարված այս Մյուռոնօրհնության մասին ամսագրի խմբագրականը հավելում է. «Շատ հանդիսաւոր հրավառութիւն եղաւ նոյն գիշերը զինուորական նուագարաններով ի զբոսանս ժողովրդոց, և յուրախութիւն բոլոր ուխտաւորաց, բայց ճշմարիտ քրիստոնէի ուրախութիւնը և հոգեկան մխիթարութիւնն էր միմիայն սրբալոյս միւռոնի օրհնութիւնը, որ կշարժէր բազմութեան հեռաւորաց և մերձաւորաց սրտի ջերմեռանդութիւնը, որոնք երեք օր տիւ և գիշեր անընդհատ կդիմէին ի համբոյր կաթսային` արժանանալով հոգեկան շնորհաց օրհնութեան և մասանցն սրբոց, որք բազմացրած էին սեղանի յառաջ»:

Այսպես ամեն անգամ հնարավորության դեպքում հայը մասնակցել է Մյուռոնօրհնության մեծաշուք հանդեսին, սրտանց ուրախացել և հոգևոր առումով զինվել, չնայած պատմության մեջ ունեցել ենք նաև Մյուռոնի այնպիսի օրհնություններ, երբ ժամանակի քաղաքական և այլ պատճառներով մարդիկ չեն կարողացել մասնակցել սրբազան այս արարողությանը: Երանի մեզ, որ ապրում ենք անկախ Հայրենիքում, Արարատ լեռան հայացքի և Ս. Էջմիածնի դարավոր օրհնության ներքո, երբ ազատորեն ցանկության դեպքում կարող ենք ներկա լինել Մյուռոնօրհնությանը:

 

Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան

 

Advertisements