Այսօր Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Ս.Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օրն է


Այսօր Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Ս.Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օրն էՍ. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին:

 Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին:

 Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):Սբ. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս` արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում:

Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքը, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս նրանց 350 թվականին:

Advertisements