Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

ՔԵՌՈՒՍ ՏՂԱՆ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԵՎ ՍԱՄԱՆ ԳՅՈՒՂԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այս տխուր դեպքերից հետո օրերից մի օր մի անգամ, երբ ես գյուղում եմ լինում, Հարություն քեռուս տղան՝ Հովհաննեսը, ով մնում էր մեր գյուղից 3-4 կմ հեռու՝ Սաման գյուղում: Հանդում հանդիպում է ընկերոջս և ինձնից հարցնում: Պայմանավորվում են, որ հաջորդ օրը նույն տեղում իրար հանդիպենք, մյուս օրը գնում եմ որոշված տեղը և հանդիպում Հովաննեսին և երկար խոսում ենք մեր անցկացրած տառապանքների մասին:

Հովհաննեսը ենթադրում է, որ իմ վիճակը լավ չէ, որովհետև շատ խղճուկ էի հագնված՝ ներքնաշապիկ, վարտիք և խալաթ, այն էլ բազմաթիվ կարկտանով: Ինձ առաջարկում է գնալ իր մոտ՝ ենթադրելով, որ իր տիրոջ պայմաններն ավելի լավ կլինի, քան իմը: Համաձայնում եմ իր մոտ գնալ և որոշեցինք հետևյալ օրը նորից իրար հանդիպել: Հաջորդ օրը թողեցի իմ տիրոջը և Հովհաննեսի հետ գնացի իր տիրոջ տուն: Բանից պարզվեց, որ մեր այս տերերը քրդեր են, իրենց ցեղապետի հողերը մշակող ճորտեր, իսկ մենք էլ ճորտերի ստրուկը: Սրանք գետնահարկ խրճիթով, կենցաղով ավելի կեղտոտ և հետամնաց էին: Զղջացի գալուս համար, բայց սխալը կատարված էր, մի քանի հանդիմանական խոսքեր ուղղեցի Հովհաննեսին, բայց դրությունը դրանով չփոխվեց, ուստի խոհեմությունն ինձ թելադրեց լռել և սպասել:

Հազիվ 8-10 օր էր անցել, երբ մի անգամ գյուղից դուրս էի գնացել ջրի, հանդիպեցի իմ հին տիրոջը՝ Հյուսեինին, նրան մի կերպ հավատացրի, որ ոչ թե իրենց տնից փախել եմ, այլ եկել եմ քեռուս տղի մոտ մի քանի օր մնալու: Միասին վերադարձանք իրենց մոտ, հետագայում Հյուսեինի ընկերներից մեկն ինձ ասել է, որ այդ օրը Հյուսեինն ուզեցել է ինձ սպանել՝  թիկունքից կրակելով, բայց հետո՝ ինչ է մտածել, հրաժարվել է:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements