Ուխտագնացություն դեպի Շատիվանք


Ամեն տարի նոյեմբեր ամսին ավանդույթ է ձևավորվել Շատին համայնքում ուխտագնացության գնալ Շատիվանք:

Արդեն 3-րդ տարին է, (նախորդ տարիների նյութերը կարող եք կարդալ այս հղումներով՝ Ուխտագնացություն Շատիվանք: Ավելի քան 100 տարվա ըմդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Շատիվանքում (10.11.2013թ.), Ուխտագնացություն դեպի Շատիվանք (09. 11. 2014թ.) ) ինչ ուխտավորներին միանում են նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը և բազմաթիվ հավատացյալներ:

Շատիվանքում Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց. «Մենք այսօր եկել ենք Շատիվանք՝ մեր աղոթքը միախառնելու մեր պապերի աղոթքներին, ովքեր Շատիվանքի շեն ու ծաղկուն շրջանում ամեն օր աղոթում էին այս սրբազան կամարների տակ: Մեր մեծագույն խնդրանքն է առ Աստված, որ մի օր կվերականգնվի այս սուրբ տաճարի երբեմնի ծաղկուն վիճակը…»:

Վերջում Տեր Հայրն ասաց, որ այս սրբազան տաճարում պատարագները ոչ թե տարին մեկ անգամ մատուցվեն, այլ՝ ամեն կիրակի:

Սբ. Պատարագից հետո տեղի ունեցավ նաև Մկրտության արարողություն,

որի ավարտին Տեր Վազգենը Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի հետ, ով մեծ ներդրում ունի այս ուխտագնացության կազմակերպման գործում, հերթով մոտեցան բոլոր ուխտավորներին, և Տեր Հայրն օրհնեց յուրաքանչյուրի կողմից արված մատաղը:

Վերջում բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ տեղի ունեցավ սիրո ճաշ:

Թող հավատացյալների ուխտն ընդունելի լինի Բարձրյալի կողմից, և Նա իր երկնառաք օրհնությամբ պահի ու պահպանի բոլորին:

 

Թեմի լրատվության բաժին

Advertisements