Հովհաննես Գազանճյան (1870-1915)


Հովհաննես Գազանճյան (1870, ապրիլի 3, Եվդոկիա – 1915, հունիս), հայ լեզվաբան, գրականագետ:

Հովհաննես Գազանճյան (1870-1915)

Հովհաննես Գազանճյան (1870-1915)

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Պատնեկան հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, շարունակել ուսումը, զբաղվել ուսուցչությամբ:

1883-1885-ին իր մի քանի ընկերների հետ հրատարակել է «Երախայրիք» ձեռագիր շաբաթաթերթը: 1889-ին հրատարակել է «Գաղտնիք եւ արուեստ մոգության» (համահեղինակ` Հ. Գասարճյան) գիրքը:

1893-ին մեկնել է ծննդավայր, նվիրվել մանկավարժական աշխատանքի: Պարբերական մամուլում («Արևելք», «Բյուրակն» և այլն) և առանձին գրքերով հրատարակել է լեզվաբանական, քննադատական ուսումնասիրություններ:

 Նրա ամենաուշագրավ աշխատությունն է «Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը» (ձայնաբանություն, բառացուցակ, քերականություն, առածներ, ոճեր և ասացվածքներ), որը տպագրվել է Վիեննայում 1899-ին և արժանացել Իզմիրլյան մրցանակի (1901):

 1909-ին կրկին մեկնել է Կ. Պոլիս, պաշտոնավարել Կեդրոնական վարժարանում` որպես հայոց լեզվի ուսուցիչ, միաժամանակ խմբագրել «Հայրենիք» թերթը: 1908-10-ին լույս է ընծայել «Արդի հայերեն քերականությունը» դասագիրքը, երեք հատորով: Հրատարակել է «Մագնիսականություն և ոգեհարցություն» (Կ. Պոլիս, 1909) աշխատությունը:

1913-ին վերադարձել ծննդավայր, շարունակել կրթական գործունեությունը: Նահատակվել է Եղեռնի օրերին: 1970-ին Անթիլիասում լույս է տեսել նրա «Պատմութիւն հայ գրականութեան» (հ. 1-2) ուսումնասիրությունը, որտեղ հակիրճ նկարագրված է հայ գրականության անցած ուղին՝ սկզբից մինչեւ XX դ. սկիզբը: Եղել է Թոքատի գավառական ժողովի ատենապետ, ուսումնական խորհրդի անդամ:

1915-ի մայիսին ձերբակալվել է, հունիսին՝ դաժանաբար սպանվել:

 

Նյութը պատրաստեց թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

 

Advertisements