Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

Իբրահիմը կամ Աբրահամը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Վերադարձի երեկոյան սովորականի նման գնացի ոչխարների մոտ գիշերելու: Տե´ս, որ ընկերս փոխվել է, հնին փոխարինել էր խնուսցի 30 տարեկան մի քուրդ՝ Իբրահիմ անունով: Գեղեցիկ, համակրելի մի երիտասարդ՝ քրդական տարազով, բայց մաքուր և կոկիկ: Այդ քուրդը գյուղի երիտասարդներին պատմում էր, որ ինքն ինչ-որ քուրդ բեկի տղա է, իրենց մոտ հայերին կոտորելիս ինքը գործուն մասնակցություն է ունեցել. սիրուն հայ աղջիկների առևանգել ու զվարճացել է և ուրիշ նույնանման դրվագներ՝ վառ գույներով զարդարված, որոնց թուրք երիտասարդ ունկնդիրները հաճույքով, հիացմունքով լսում էին: Երբ ռուսական բանակը մոտեցել է իրենց սահմաններին, թողել էր տուն ու տեղ և նահանջել էր թրքական բանակի հետ:

Այդ քրդի պատմածներն ինձ վրա շատ վատ տպավորություն գործեցին, և ես այդ մարդուն ներքուստ ատեցի, բայց զարմանալին այն էր, որ երբ ես ու ինքն առանձին էինք լինում, բոլորովին այլ բաների մասին էր խոսում և երբեմն էլ հայերեն հեղափոխական երգեր էր երգում, իսկ երբ հարցնում էի, թե այդ հայերեն երգերն ումից ես սովորել, ասում էր, որ, իբր, իրենց տանը եղել են հայ մշակներ՝ իրենց ընտանիքներով, դրանց երեխաներից է սովորել երգերը և հայերեն խոսելը, բայց երբ հանդիպում է որևէ թուրքի, սկսում է առաջին օրվա պատմած սխրագործություններից խոսել, հետո ուրիշ մի երևույթ ևս. առաջին օրերը դժվարանում էր թուրքերեն սահուն խոսել, շատ չանցած, սկսեց սահուն խոսել, այդպես անցավ, չեմ հիշում, թե որքան ժամանակ:

Իբրահիմի տիրոջ մոտ կար նաև արաբգերցի հայ մի տղա՝ Մադաֆա անունով: Նա (հայ անունը չեմ հիշում) զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մի օր ոչխարներն արածեցնելիս ես ու Իբրահիմը կալում հանդիպեցինք Մադաֆային, որը եզներով ցորեն էր ծեծում, նստեցինք նրա մոտ, սկսեցինք դեսից-դենից խոսել: Իբրահիմը նորից եկավ հայերեն երգեց ու մի րոպե լռելուց հետո, թե տղերք ձեզ մի գաղտնիք պիտի ասեմ, եթե խոստանաք, որ ոչ ոքի չեք ասի, ասացինք՝ եթե ուրիշին ասելու բան չէ, ինչո՞ւ պիտի ասենք, նա թե՝ տղերք ես հայ եմ, ասաց ու փաթաթվեց մեզ ու այդպես իրար փաթաթված, դժբախտ ազգի տարաբախտ 3 որդիքս դառնորեն լաց էինք լինում: Առաջինն ինքն Աբրահամը մեզ բաց թողեց և ասաց, որ հերիք է, լացը թույլի վայել է, մենք տղամարդ ենք, պետք է մեզ պահենք սառնասիրտ և աշխատենք ամեն գնով մեր կյանքը փրկել այս ահավոր եղեռնից: Մեզ ասաց նաև, որ այն, ինչ թուրքերին ասում է, բացարձակ ստեր են, որոնց չպիտի հավատալ, այդ ստերը խոսում է, որպեսզի իրեն զտարյուն քուրդ ցույց տա: Այդպես էլ հարկավոր էր, որովհետև եթե թուրքերն իմանային, որ նա հայ է, տեղն ու տեղը կսպանեին, ուստի հարկավոր էր ամեն կերպ իրեն ցույց տալ որպես մուսուլման, հայերին ոխերիմ թշնամի:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements