Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)


Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)

Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)

Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892, հունվարի 28, Սկոպյե, Մակեդոնիա – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ բանաստեղծ, մանկավարժ, խմբագիր, գրել է ֆրանսերեն և հայերեն:

Հայրը ճանապարհաշինարար է եղել։ Ծննդավայրում հայություն չգտնելով` հաճախել է հունական դպրոց, ապա Մանասթրի ֆրանսիական վարժարան:1911-ին ավարտել է Կ. Պոլսի Բանկալթիի թաղամասի Մխիթարյան վարժարանը և մեկնել Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դրել «Համաստվածյան» (1913) գրական դպրոցի, որը հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Լ’արեն» («L’arène», «Ասպարեզ») և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Կարճ ժամանակում Դորյանը դառնում է դպրոցի ամենահայտնի դեմքը` աշխատակցելով Փարիզի և այլ քաղաքների բազմաթիվ թերթերին և հանդեսներին։

1914-ին Վիեննական Մխիթարյան վարժարանի տնօրենությունը ուսուցչապետի պաշտոնով նրան հրավիրում է Կ. Պոլիս, ուր բանաստեղծն սկսում է հինգ տարբեր հաստատություններում ֆրանսերեն դասավանդել և միաժամանակ տեղական մամուլում լույս ընծայել հայերեն և ֆրանսերեն բանաստեղծություններ: 1915-ի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվում է «Արդի» վարժարանում, աքսորվում Չանղըրը, ապա նետվում Անկյուրիի բանտը, որտեղից էլ մի խումբ բախտակիցների հետ քշվել է երկրի խորքերը և նահատակվել։

1933-ին Արմեն Դորյանի եղբոր՝ Զենոբ Սուրենյանի ջանքերով լույս է տեսնում բանաստեղծի գրքույկը՝ «Մի հայազգի ֆրանսիացի բանաստեղծ» խորագրով։ Բացի այս հատորիկից, Դորյանի հայերեն և ֆրանսերեն անտիպ բանաստեղծություններից մի շարք հրատարակվել է Թեոդիկի «Ամենուն տարեցույցի» մեջ, «Շանթ»-ում։

Նրա ֆրանսերեն գործերի ստվար մասը մնում է ժամանակի ֆրանսիական ինչ-ինչ թերթերի և հանդեսների էջերում: Ֆրանսերեն գրքույկներ է ներբողել Վիկտոր Հյուգոյին և այլոց:

 

Նյութը պատրաստեց  թեմի լրատվության բաժնի
պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

 

Advertisements