ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Իբրահիմը կամ Աբրահամը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Աբրահամը մեզ պատմեց իր ոդիսականը. ինքը եղել է Խնուս գավառի Խալիլ Չավուշ գյուղից, Բաբախենց կոչված հարուստ կալվածատեր, բազմանդամ ընտանիքի միջնեկ որդին, ունեցել է իրենից մեծ ու փոքր եղբայրներ և հորեղբոր տղաներ: Փոքր եղբայրը Պոլսում Բերբերյան դպրոցի ուսանող է եղել: Հորեղբայրն ունեցել է հեղափոխական որդի և դուստր և այլ ազգակից հարազատներ, որոնք զոհվել են եղեռնի ժամանակ, ողջ մնացել է Պոլսում եղած եղբայրը, իսկ ինքն ինչպե՞ս է փրկվել եղեռնից:

Նախքան առաջին աշխարհամարտը հորեղբոր աղջիկը սիրահարվում է քուրդ բեկի տղայի և նրա հետ փախչում, դառնում նրա կինը: Երբ եղեռնն սկսվում է, հորեղբոր աղջիկը գնում է հորանց տուն և ասում, որ ես չեմ կարող ամբողջ մեր գերդաստանին փրկել եղեռնից, ուստի թույլ տվեք գոնե Աբրահամին, կնոջն ու փոքրիկ աղջկան տանեմ, որպես մեր գերդաստանի նմուշ պահեմ: Այդպիսով՝ Աբրահամը կնոջը և աղջկա հետ փրկվում են սպանդից:

Երբ ռուսական բանակը մոտենում է քրդերի գյուղին, նահանջում է՝ վախենալով ռուսական բանակում գտնվող հայերի վրեժխնդրությունից: Քուրդերի հետ Աբրահամը նույնպես նահանջում է և հասնում Քեմախ կոչված գյուղաքաղաքը: Այդտեղ թուրք իշխանությունն իմանում է, որ քրդերի մեջ կան նաև եղեռնից փրկված հայեր, շուրջկալում է քուրդերի քարավանը ու քարավանում եղած բոլոր հայ տղամարդկանց ձերբակալում, մոտ 15-20 հոգի և մեղադրում որպես ռուսական բանակի լրտեսներ: Սկսվում է հարցաքննությունը. տանջանք, ամենավայրագ խոշտանգումներ, ոչ մի ապացույց չեն գտնում, այս անգամ սոված թողնում են այնքան ժամանակ, մինչև գիտակցությունների կորցնելը: Այդ միջոցով էլ բան չի հայտնաբերվում, երբ համոզվում են, որ այդ մարդիկ լրտեսության հետ կապ ունեցողներ չեն, չգիտես ինչ նկատառումներով, փոխանակ սպանելու, սկսում են քիչ-քիչ սնունդ տալ, մի քիչ կազդուրվելուց հետո աքսորում են դեպի Տիգրանակերտ: Չհասած Տիգրանակերտ՝ Աբրահամն իր հորաքրոջ տղի հետ փախչում և գալիս հասնում է Թիլեկ գյուղը:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

Advertisements