Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը


Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացըՀայոց ցեղասպանության ամենասև էջը թուրքական պետության կողմից իրականացված հայակական ցեղասպանությունն է, որը հայ ժողովրդին հասցրել է մարդկային, տարածքային, մշակութային և նյութական անդառնալի կորուստներ:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»: Այն միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանությունը բնորոշող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ է: Ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ:

Հինգ կետերով թվարկվում են այն գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ. 1. Խմբի անդամների սպանությունը, 2. Նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճառելը, 3. Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, 4. Խմբի ներսում ծննդաբերության կանխմանն ուղղված միջոցառումները, 5. Երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:

Օսմանյան կայսրությունում 1878-1922թթ. տեղի են ունեցել բոլոր 5 կետերում նշված գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ: Հայոց ցեղասպանությունն իրականացվել է ավելի քան 4 տասնամյակների ընթացքում և եղել է թուրքական իշխանությունների պետական քաղաքականությունը: Այն իր գործադրման բնույթով ու եղանակներով կարելի է բաժանել 3 փուլերի:

Առաջին շրջանը ընդգրկում է 1878-1914թթ. միջև ընկած ժամանակաշրջանը: Այն համընկնում է Աբդուլ Համիդ սուլթանի իշխանության տարիներին և երիտթուրքերի կառավարման սկզբնական շրջանին: Այս փուլում խոշոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան 1894-1896թթ. և 1909թ.: Հայերի կոտորածներն իրականացվեցին առանց բռնագաղթի, տեղերում: Դա հնարավորություն էր տալիս որոշ չափով դիմադրել ջարդարարներին և այն չվերածվեց համընդհանուր բնաջնջման: Միաժամանակ, այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որոնք հայերին ստիպում էին արտագաղթել հայրենիքից:

Ամենաողբերգականն ու զարհուրելին 1915-1916թթ. տեղի ունեցած Մեծ եղեռնն էր:

Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ երիտթուրքերի կառավարությունը նախապատրաստեց ու իրականացրեց հայերի զանգվածային տեղահանությունն ու ոչնչացումը: Դա հայոց ցեղասպանության բարձրակետն էր, որի հետևանքով թուրքերը հասան տասնամյակներ շարունակ հետապնդած իրենց գլխավոր նպատակին՝ ամբողջությամբ հայազրկվեցին Արևմտյան Հայաստանը:

Երրորդ փուլն ընդգրկում է 1917-1922թթ. ընկած ժամանակաշրջանը: Այդ տարիներին թուրքերը շարունակեցին ոչնչացնել Մեծ Եղեռնից ինչ-ինչ ճանապարհներով փրկված և Թուրքիայում մնացած հայության բեկորները: Միաժամանակ, կոտորածները դուրս եկան Օսմանյան կայսրության սահմաններից և իրենց մեջ ընդգրկեցին Անդրկովկասը: Վերջին գործողությունն իրականացվում էր հիմնականում թուրքական կանոնավոր բանակի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից:

Շարունակելի…

 

Նյութը պատրաստեց Սիրան Սարգսյանը

               Աղբյուր՝ Միջազգային հարաբերություններ.
Հայկական աշխարհ, թիվ 1, ապրիլ, 2010թ.

 

 

Advertisements