«Ես մենակ չեմ» ծրագիրը շարունակվում է


Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամության միջազգային օրն էր: «Ես մենակ չեմ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել Եղեգնաձորի Երիտասարդական կենտրոնի սրճարանում, որին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով 30 երեխաներ, որոնց գեղարվեստական կատարումներով ողջունելու էին եկել իրենց հասակակից շուրջ 10 շնորհալի աշակերտներ:

«Ես մենակ չեմ» ծրագրի նպատակն է սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրումը հասարակությանը:

Այս գեղեցիկ տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ով ընթերցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  ուղերձը՝ նվիրված Հաշմանդամության միջազգային օրվան:

Ներկա էին նաև Ներառական կրթության խմբի աշակերտների ուսուցիչները, ծնողները և այլք:

Երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսները, ովքեր ուրախացրին նրանց:

Երեխաները երգեցին, նվագեցին, պարեցին, իսկ վերջում էլ նվերներ ստանալով՝ ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տվեցին միմյանց՝ Ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծման ակնկալիքով:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը և գործարար Նորայր Գրիգորյանը:

 

Advertisements