Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

 

 Հյուսեինի մահը

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ինձանից առաջ Հյուսեինենց տանը լինում է սեբաստացի հայ մի տղա՝ Թորգոմ անունով, արհեստով՝ սափրիչ, 18-20 տարեկան, որը որոշ ժամանակ մնալուց հետո ցանկություն է հայտնում Մալաթիա գնալ: Այդ ընթացքը Հյուսեինին դուր չի գալիս: Մի օր Հյուսեինը, Թորգոմը մեզ արդեն ծանոթ Հյուսեինի ընկեր Ալի Թումմինը երեքով այգիներում ման էին գալիս, ինչպես է պատահում, որ Թորգոմը առաջ է անցնում, Հյուսեին կոչված սրիկան առիթից օգտվում է և ատրճանակի 3 հարվածով թիկունքից  դավադրաբար սպանում է` համաձայն Ալի Թումմի պատմածի:

1916 թ. աշնանը Հյուսեինը զորոկոչվեց ռազմաճակատ: Գնալուց փրկելու համար միջոցը գտան. նրան ընդունել տվեցին իր ձիով փոխադրական վաշտ: Մի ամիսը չլրացած՝ տարան Մալաթիա զինվորական հիվանդանոց և այդտեղ էլ մահացավ՝ իր կատարած անխիղճ սպանության դիմաց:

 

Վերադարձ Մալաթիա

 

Անցավ նաև 1916-1917 թվականի ձմեռը: Գարնան մայիս ամսին տիրուհիս չեմ հիշում, թե ինչ գործով ինձ ուղարկեց Մալաթիա: Գյուղ գնալուց ի վեր քույրերիցս լուր չունեի, ուստի որոշեցի առիթից օգտվել և քույրերիս գտնել: Քաղաքում գործս վերջացնելուց հետո սկսեցի որևէ մի ծանոթ փնտրել և հանդիպում եմ Հյուսնյան Հարությունին, նրանից վերցնում քեռուս կնոջ՝ Աղավնիի հասցեն, գնում ու գտնում եմ նրանց: Քեռուս կինն իր 3 աղջիկներով մնում էր որպես հարճ և աղախին քաղաքի դատախազ, ամուրի Հասան էֆենդիի մոտ:

Այս անգամ Աղավնին ինձ ընդունեց որպես հարազատի, իսկ մի տարի առաջ, երբ անտեր-անտիրական փողոցումն էի, չէր ուզում որևէ բանով ինձ օգնել: Փաթաթվում ու լաց է լինում, իսկ աղջիկներն ինձ շրջապատեցին, մին համբուրում էր, մյուսը՝ մազերս շոյում, չգիտեն, թե ինչպես ուրախանան: Հարցնում եմ քույրերիս մասին, հայտնում են, որ այն թուրքի տանը, որտեղ մնում էին, իբր, ուզեցել են մեծին՝ Պայծառին, ամուսնացնել ինչ–որ թուրք մի տղի հետ, բայց ինքը «բարի կամեցող» քեռեկինը, այդ փորձանքից ազատելու համար թուրքի մոտից վերցրել է և Սեբաստիա ուղարկել մի թուրք կառապանի հետ, այսինքն՝ ջրից ազատել կրակն է գցել, ավելի ճիշտ արտահայտությամբ՝ ուղարկել է անբարոյականության գիրկը` դժբախտացնելու, բայց չի իմանում Սեբաստիա հասել է, թե՝ ոչ: Իսկ փոքրին՝ խեղճ Թագուհուն, որը մնացել է իր մոտ, իբր, իր տերը չի ուզեցել, ստիպված մորս կողմից հեռու ազգական Սարգիս աղայի կնոջ մոտ է տեղավորում, որտեղ էլ հիվանդացել ու մահացել է:

 Խոսակցության նյութը փոխվեց և սկսեց իմ վիճակով հետաքրքրվել: Դատելով իմ ցնցոտիներից, իբր, շատ է ցավում, խոստանում է ինձ, որ կդիմի անհրաժեշտ միջոցի,  որպեսզի ինձ այդ խեղճ վիճակից փրկի:

Ժամը ցերեկվա 12-ին իր տերը ճաշի եկավ, ինձ ներկայացրեց որպես իր ամենամոտիկ ազգականի որդին, չմոռացավ ավելացնել, իբր, փոքր եղած ժամանակ ինձ կերակրել է իր կաթով, կարճ ասած՝ իր երկրորդ որդին եմ:

Հասան էֆենդին Պոլսո բարձր դասին պատկանող մի անձնավորություն էր, որը խոստացավ ինձ ազատել գյուղից և քաղաքում մի հարմար աշխատանք ճարել:

Այդ օրն անսահման ուրախացած, բաժանվեցի վերագտած ազգականներից, ուշքս ու միտքս թողած այդտեղ, վերադարձա գյուղ: Գիշեր-ցերեկ մտածում էի նրանց մասին: Տիրուհուս խաբեցի, ասացի, որ քրոջս գտել եմ, նա նույնպես ուրախացավ, 15 օրով թույլտվություն վերցրի՝ քրոջս մոտ գնալու: Այս անգամ տիրուհիս ինձ տվեց նաև զանազան սննդանթերք և չոր մրգեր քրոջս համար: Ուրախացած, սննդամթերքի պարկը շալակած՝ վազելով գնացի ուղիղ քեռեկինիս մոտ: Այս անգամ ավելի ջերմ ընդունեցին, մանավանդ, որ դատարկաձեռն չէի գնացել:

Ես եթե մի քիչ շրջահայաց, առողջ դատող և փորձառու լինեի, այդքան չպիտի խանդավառվեի այդ կնոջ վերաբերմունքի փոփոխման հետ. չէ՞ որ մեկ-երկու տարի առաջ, երբ փողոցումն էի, չէր ցանկանում որևէ մի բանով ինձ օգնել, հետո մտածեի ինչ հետևանք կարող է ունենալ 12-13 տարեկան աղջկանը, թուրք կառապանի հետ Սեբաստիա ուղարկելը և վերջապես արդյոք դիտմամբ չի արած՝ խեղճ աղջկան դժբախտացնելու, բայց այն աստիճան խանդավառ ու ջերմ ընդունեց ինձ, որ իմ փոխարեն փորձված, շրջահայաց մարդը նույնիսկ կխաբվեր, եթե լիներ այն պայմաններում, ինչ որ ես էի:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

Advertisements