Վայոց Ձորի թեմ

Քրիստոնեության իսկությունը

Advertisements

ԽՄԻՉՔ ԵՎ ԽՆՋՈՒՅՔ

 

Տարբեր նշանակալի առիթներով տոնական սեղաններին լինում են ուտելիքներ, ինչպես նաև զովացուցիչ և ոգելից, զվարթացուցիչ խմիչք­ներ։ Որոշ աղանդներ մոլորեցնում են իրենց միամիտ հետևորդներին՝ ասելով, թե դատապարտելի է սեղաններին խմիչքներ դնելը, իսկ ոմանք էլ ավելի ծայրահեղության գնալով՝ արգելում են անգամ տոնական որևէ առիթ նշելը։

Սակայն այդպիսի սխալ ուսուցումները հիմնված չեն Աստվածաշնչի վրա։ Քրիստոս Ինքը պատվիրեց առաքյալներին, որ զատկական ընթրիքը պատրաստեն (Մատթ. 26.19, Մարկ. 14.16, Ղուկ. 22.8, 13), և այդ ժամանակ, ըստ հինկտակարանյան պատվերի (Ելք 12.3-5), սեղանին կար պատրաստված գառ և խմիչք, որից օգտվեցին Քրիստոս և առաքյալ­ները։

 Քրիստոս Իր ներկայությամբ պատվեց Կանայի հարսանիքը (Հովհ. 2.1-3)՝ դրանով ցույց տալով, որ դատապարտելի չէ և ընդունելի է նման առիթներով խնջույքների կազմակերպումը։ Քրիստոս կերավ ու նաև խմեց ոչ միայն Իր երկրային կյանքի ընթացքում, այլ նաև Իր Հարությունից հե­տո (Ղուկ. 24.42), որի մասին Գործք Առաքելոցում հաղորդում է Պետրոս առաքյալը. «Կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից Նրա հարություն առնելուց հետո» (10.41)։

Իսկ սեղանին խմիչք դնելը ևս կատարում ենք ըստ Աստվածաշնչի։ Երբ Կանայի հարսանիքում խմիչքը պակասեց, Քրիս­տոս հրաշք գործեց՝ ջուրը գինի դարձրեց, որպեսզի հյուրասիրության նպատակով հյուրերի համար սեղանին խմիչք լինի (Հովհ. 2.1-11)։

Ան­շուշտ, այս ամենը նշելով՝ չպետք է մոռանանք, որ խիստ դատապարտելի է որկրամոլությունը, շվայտությունը, հարբեցողությունը։

 

Աղբյուր՝ Ադամ քահանա Մակարյան,

Քրիստոնեության իսկությունը(Գիտելիքներ հավատացյալներին),

Սբ. Էջմիածին, 2010թ.

Advertisements