ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մի քանի ժամ իրենց մոտ մնալուց հետո գնացի քաղաքամեջ՝ քեռուս տղաներին տեսնելու: Շուկայում հանդիպեցի Մաթևոսին, ասաց, որ քույրերը՝ Աղավնին և Սաթենիկը, եկել են, գնում ենք իրենց տուն: Աղավնին ու Սաթենիկն ինձ ընդունեցին որպես հարազատ, պատմեցին իմ խեղճ ծնողների, մեծ քրոջս՝ Մարոյի և եղբորս ողբերգական վախճանը, որն արդեն նկարագրել եմ նախորդ էջերում: Այդ օրը մնում եմ իրենց մոտ, որքան զղջացի, որ գյուղից բերած սննդամթերքը տվել եմ քեռեկինին, որի կարիքը չուներ, իսկ Աղավնիենց համար մեծ օգնություն կլիներ: Դրանից հետո հաճախ քաղաք էի գնում ազգականներիս տեսության: Գյուղում մնալ չէի ցանկանում, ուզում էի հարազատներիս մոտ լինել:

Վերև նշված դեպքերից անցել էր 2-3 ամիս: Արդեն գյուղացիք սկսել էին իրենց հասած ցորենի արտերը քաղել: Մի գիշեր Աբրահամի հետ կալերից 50 կգ ցորեն թռցրինք և շալակով տարա քաղաք ու չորս ոսկիով վաճառեցի: Այդ չարաբաստիկ օրը քեռեկինի հետ որոշեցինք, որ մի քանի օրից թողնեմ գյուղը, վերջնականապես տեղափոխվեմ քաղաք իրենց մոտ:

Հայերի անտեր մնացած այգիներից մեկում ազատ տարածության վրա Հասան էքենդին ցորեն էր ցանել տվել, երբ գյուղից փոխադրվեցի իրենց մոտ, ինձ առաջարկեցին այդ ցորենը քաղել, ծեծել, որից հետո խոստանում են ինձ համար առևտրական խանութ բացել: Ես՝ միամիտս, խանդավառված այդ սուտ խոստումներից, նշված աշխատանքները եռանդով կատարեցի և ստացված ցորենը տուն փոխադրեցի: Այդ աշխատանքներին ինձ օգնեց քեռուս տղան՝ Միհրանը: Այդ օգնության համար նրան խոստացել էին 30 կգ ցորեն, բայց քեռեկինը չտվեց: Միհրանի օգուտն այն եղավ, որ իր հիմնական աշխատանքից զրկվեց:

Ցորենը կալսելու, ծեծելու աշխատանքների ժամանակ գիշերները մնում էի այգում: Մի գիշեր մինչև լույս անձրև տեղաց, իսկ ինձ մոտ անձրևից պաշտպանվելու հարմարություն չկար, լավ թրջվեցի ու մրսեցի, որի հետևանքով մալարիայով հիվանդացա, համենայն դեպս, աշխատանքները վերջացրի, տուն վերադարձա:

Նշված աշխատանքները վերջացնելուց մի քանի օր հետո էֆենդին ինձ հանձնարարեց, որ իր ծանոթներից մեկի համար գնամ և այգիներում աշխատեմ: Ես սիրով ընդունեցի հանձնարարությունը և գնացի նշված վայրը ու աշխատեցի: Երեկոյան երբ տուն վերադարձա, քեռեկինն սկսեց ինձ հանդիմանել, թե ինչու ես համաձայնում աշխատել ուրիշի օգտին և այլն,  և այլն…

Մի կողմից էլ սկսեց վատաբանել տիրոջը, թե իրենք գերի են եղել, ինքը չի ուզում, որ ես էլ իր նման որպես ստրուկ նրան ծառայեմ, թե այդ «գարշելին», այսինքն՝ իր տերը ուզում է իր մեծ աղջկա հետ ամուսնանա: Այդ օրվա ասածները ես հաշվի չառա, մյուս օրը ես նորից գնացի աշխատանքի, երբ երեկոյան վերադարձա տուն, նորից սկսեց ինձ նախատել, երեկվա երգերը երգել, այս անգամ ավելի խիստ, նույնիսկ սկսեց ինձ անվանարկել, որ ես ապուշ եմ, հիմար, որ, առանց աշխատավարձի, ուրիշի քմահաճույքի համար եմ աշխատում:

Հետևյալ առավոտն էֆենդին ինձանից շուտ տնից դուրս եկավ: Առիթից օգտվեց վհուկ քեռեկինը ու չթողեց, որ աշխատանքի գնամ: Այդ օրն իմ գլուխը տարավ տիրոջ մասին ամեն տեսակ չարախոսություններով, իսկ ես՝ միամիտս, այդ բոլոր զրպարտություններն ընդունում էի որպես ճշմարտություն:

Մի քանի օր հետո Հասանն ինձ հանձնարարեց ուրիշ աշխատանք, բայց քեռեկինս չթողեց, որ գնամ աշխատելու և իր նպատակին հասավ, ինձ ու տիրոջը թշնամացրեց: Ես այդ հասկացա այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ էր:

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

Advertisements