Վայոց Ձորի թեմ

Քրիստոնեության իսկությունը

Advertisements

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

Որևէ արարք առաքինություն կամ մեղք, արատ է դարձնում հիմնա­կանում մարդկային մտադրությունը։ Օրինակ՝ ողորմությունը կարող է դառնալ ցուցամոլություն, սերը, խոնարհությունը՝ քծնողություն, երես­պաշտություն։ Նույնպես սեփական կամքով մահվան գնալը հուսահա­տության դեպքում դառնում է ինքնասպանություն, իսկ վեհ և աստվածա­հաճո նպատակների համար՝ անձնազոհություն։

Օրինակներ բերենք Հին և Նոր Կտակարաններից։ Սավուղը և իր գինակիրը թշնամիների ձեռքը չընկնելու համար հուսահատությունից ինքնասպանություն գործեցին (Ա Թագ. 31.5), իսկ Ռաքսը ինքնասպանություն գործեց Աստծո վերահաս պատիժը թշնամիներին հիշեցնելու համար (Բ Մակաբ. 14.37-46)։ Սեփա­կան կամքով կյանքից հրաժարվելու հակադիր մղումներ տեսնում ենք եր­կու առաքյալների մոտ՝ Հուդան հուսահատությունից (Մատթ. 27.5), իսկ Պողոսը Քրիստոսի հետ լինելու ցանկությունից (Փիլիպ. 2.23)։

Ինքնասպանությունը լինում է հետևյալ երեք հիմնական մղումներով։ 1. հուսահատություն, որի դրսևորումն ունեցան Սավուղը, իր գինակիրը և Հուդան։ 2. Կեղծ պատրանքներ, որ այսօր տեսնում ենք աղանդավորների մոտ, ովքեր կարծում են, թե այդ ճանապարհով պիտի ընկնեն Երկնքի Ար­քայություն։ Այդպիսին են հատկապես այսօրվա ինքնասպան-ահաբեկիչները, որոնք հիմնականում ներկայացուցիչներն են մուսուլմանական վահաբիստական աղանդի։ 3. Վեհ նպատակի իրագործման համար։

Ըստ Կանոնագրքի՝ ինքնասպանի համար թաղում կամ հոգեհան­գիստ չեն անում, բայց եթե ինքնասպանության փորձից հետո մարդը ողջ է մնում և զղջումով մեռնում, ապա նրա համար կատարում են եկեղեցական համապատասխան արարողություններն ու աղոթքները։ Սուրբ Գրիգոր Տաթևացին, խոսելով սեփական կամքով մահվան գնալու մասին, ասում է, որ դա կոչվում է անձնիշխան մահ, որը լինում է բարի և չար։ Անձնիշխան մահը չար էր Հուդայի պարագային, իսկ այդպիսի մահվան բարի տեսակը հանուն մարդկության փրկության գործածեց Քրիստոս, որը և մենք կոչում ենք անձնազոհություն։

 

Աղբյուր՝ Ադամ քահանա Մակարյան,

Քրիստոնեության իսկությունը(Գիտելիքներ հավատացյալներին),

Սբ. Էջմիածին, 2010թ.

 

 

Advertisements