ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՐԻՔԸ
Սուրբ Մարիամը դուստրն է Հովակիմի և Աննայի։ Հոր կողմից նա սերում էր թագավորական ցեղից՝ Դավթի ազգից, իսկ մոր կողմից՝ Ղևիի քահանայական ցեղից. Աստվածածնի մայր Աննան դուստրն էր Մատթան քահանայի՝ Բեթղեհեմ քաղաքից։
Քանի՞ տարեկան էր Սուրբ Մարիամ Աստվածածինը իր և Քրիստոսի կյանքի գլխավոր հանգրվաններին։
Մարիամը 3 տարեկան էր, երբ ծնողների կողմից ընծայվեց տաճարին՝ այդուհետ մինչ չափահաս դառնալը Աստծո տաճարում ապրելու, քանի որ այդ էր եղել տարիներ շարունակ զավակներ չունեցող նրա ծնողների ուխտը առ Աստված։ Մարիամը 14 տարեկանում հանձնվեց խնամակալության 41 տարեկան Հովսեփին։ Հովսեփը Մարիամին տարավ Նազարեթ և բնակեցրեց իր զավակների հետ, իսկ երեք ամիս անց Գաբրիելը Քրիստոսի ծննդյան ավետիսը տվեց։
15 տարեկան էր Մարիամը, երբ Քրիստոս ծնվեց։ Քրիստոսի կյանքի 31-րդ տարում Հովսեփը վախճանվեց 72 տարեկանում։ Տերունական խաչելության, Հարության և Համբարձման ժամանակ, երբ Քրիստոս 33 տարեկան էր, Մարիամը 48 տարեկան էր։ Դրանից հետո Սուրբ Աստվածածինն ապրեց ևս 12 տարի, որով նրա երկրային կյանքի տարիների ընդհանուր թիվը անում է 60։
Աղբյուր՝ Ադամ քահանա Մակարյան,
Քրիստոնեության իսկությունը(Գիտելիքներ հավատացյալներին),
Սբ. Էջմիածին, 2010թ.