ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)  


 

Ղասապ Հյուսեինը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Իմ արճարանի անմիջապես դիմացը մի մսավաճառ կար: Ամեն առավոտ 5-10 մորթված ոչխար էին բերում ու վաճառում: Այդ մարդը կոչվում էր Ղասապ Հյուսեին, որը միջակից բարձր, թիկնեղ տղամարդ էր: Թուրքերի Ղուրպան-պայրամ կոչված տոնի օրը առավոտ բերեց 25-30 մորթված ոչխար և մինչև ժամը 4-ը բոլորը վաճառեց  ու սկսել էր խանութը փակել: Այդ պահին քաղաքի ոստիկանապետը եկավ, հրավիրեց, որ միասին սուրճ խմենք: 2 աթոռ տարա-դրի, որ նստեն, բայց ոստիկանապետն սկսեց ձեռքի կատակ անել Հյուսեինի հետ: Ղասապը ոստիկանապետի ձեռքերից բռնեց և անշարժացրեց ու ավելացրեց, որ դու շատ թույլ ես իմ թևերի հետ մրցելու, քանի որ այս թևերը, հպարտությամբ ցույց տալով, մի գիշերվա ընթացքում 200 գյավուրի գլուխ են կտրել, այսինքն՝ հայի գլուխ:

Հիվանդանում եմ

Օգոստոսի շոգ օրերից մի օր, ըստ սովորականի, կես օրվա ճաշի համար գնեցի հաց, պանիր և վարունգ, բայց հետո զղջացի վարունգ առնելու համար, որովհետև տարեցներից լսել էի, որ ամառվա շոգ օրերին վարունգ չպիտի ուտել՝ համարելով մալարիայի հարուցիչ, համենայն դեպս, կերա: Ուտելուց հետո ես ինձ վատ զգացի, ջերմությունս բարձրացավ, գլուխս ցավել սկսեց և այդ դրությամբ սրճարանի թախտի վրա պառկեցի: Հիվանդանալուս պատճառը համարեցի վարունգը, չգիտեմ՝ քանի օր այդպես ուշակորույս պառկել էի թախտի վրա, առանց խնամքի, մեկ էլ ուշքի եկա ու տեսա, որ սրճարանի տերը գլխավերևս կանգնած է, տեսավ, որ ուշքի եմ եկել, մի աթոռ վերցրեց, նստեց կողքս և մի քանի մխիթարական խոսք ասելուց հետո հասկացրեց, որ սրճարանից հեռանամ, որովհետև սրճարանը հիվանդանոց չէ:

Մի կերպ թախտից իջա և սրճարանից դուրս եկա: Գնացի Մաթոսի մոտ և պատմեցի իմ դրության մասին: Վերջինս առաջարկեց իրենց մոտ մնալ, ուրիշ գնալու տեղ չունեի: Մնացի նրանց մոտ, ինչպես արդեն ասել եմ, Մաթոսը ապրում էր Նազարի հետ: Որոշ ժամանակ միասին աշխատեցինք, առավոտները գնում էինք շուկա, գյուղացիներից քթոցներով խաղող և այլ մրգեր առնում-տանում մեր վաճառասեղանին դնում ու վաճառում էինք, իսկ վաճառքից ստացված օգուտի գումարով մի կերպ սնվում էինք:

Տղաներին տված դրամս հետ վերցրի, քանի որ փոխնորդ չունեի, այդ դրամով երկու ձեռք փոխնորդ վերցրի, բայց արյունոտ էին՝ սպանված հայերի վրայից վերցրած:  Այդ փոխնորդները տվեցի Աղավնուն, որ լվանա, պատկերացրեք, որ չէր լվանում՝ ասելով, որ էֆենդին չի թողնում, կարծես՝ էֆենդին գիշեր-ցերեկ իր գլխին կանգնած է:

 

  Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի

 

Advertisements