Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն էՍ. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր:

Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում:

Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին:

Իսկ Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Պողոս առաքյալն էր, որն սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Սբ. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում:

 Շատ չանցած Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

Advertisements