Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է


Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն էՍ. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:

Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից:Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև` Երուսաղեմում` աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

Advertisements