Ճրագալույց. Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոները Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան կատարվեց Սուրբ Ծննդյանը նախորդող Ճրագալույցի արարողակարգը, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Ճրգալույցը Սուրբ Ծննդյան նախատոնակն է և մարդկանց հորդորում է  պատրաստ լինել տոնելու մեր Տիրոջ Ծնունդը: Այդ օրերին վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները, որը աղոտ լույսն է  և ավետումն է Արդարության պայծառ լույսի ծագումը: Վառվող մոմեր են բաժանվում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ: Վառվող լույսերի հետ մարդիկ իրենց տուն են տանում Սուրբ Ծննդյան հույսն ու սպասումը:

Հունվարի 6-ին  տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը և միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:  Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագը և իր խոսքում հորդորեց բոլոր հավատացյալներին.  «Երբեք չմոռանալ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նպատակը: Եվ եկեղեցուց դուրս գալ նորոգված հոգով ու հավատով»:

Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի:  Քահանան խաչը ջուրը մտցնելով` խնդրում է Տիրոջը, որ Նա օրհնի ու սրբի ջուրը և նրա մեջ դնի Սուրբ Հոգու բժշկության և չար զորությունների դեմ հաղթության շնորհներըը՝ այն օգտակար դարձնելով տների շինության, հիվանդների բժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմինների փրկության և ամենայն այլ կարիքների համար:

Սա դարձնի նաև օրհնության աղբյուր ու անապականության պարգև և սրանով լինի մեղքերին թողություն, հիվանդներին՝ բժշկություն ու դևերին՝ խորտակում: Ապա ջուրը բաժանվում է ժողովրդին, և նրանք օրհնված ջուրը տանում են տուն:

Այս տարի Խաչի կնքահայրն Անդրանիկ Արսենյանն էր:

Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցու
 Երիտասարդաց միություն

Advertisements