Սբ. Ծննդյան Սրբազան արարողությունները Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 Սբ. Պատարագի ավարտին ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները:

Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որին ներկա էր Նորիկ Հակոբջանյանը, ով անցյալ տարի Արկազի Սբ. Խաչ վանքի խաչքավորն էր: Վերջինս այս տարի հանձն առավ լինել Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորը: Նա Ջրօրհնեքի խաչ նվիրեց եկեղեցուն, որով այսուհետև ամեն տարի կօրհնվի Սբ. Ծննդի ջուրը՝ ի նշան մեր Տիրոջ մկրտության: Այդ խաչը 40 օր կմնա խաչքավորի տանը:

Պատարագիչ Տեր Հայրը  Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը: 

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան Սբ. Պատարագ:

Advertisements