Սբ. Ծննդյան Սրբազան արարողությունները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում


 

Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում քարոզեց   Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության խորհրդի և մարդկային կյանքում նրա նշանակության մասին:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո պատարագիչ Տեր Հայրը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը և եկեղեցու Ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով:

Հունվարի 6-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության: Այս տարի Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր  բժիշկ Հրաչյա Մանուչարյանը:

Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, եկեղեցու այս տարվա խաչքավոր, բժիշկ Հրաչյա Մանուչարյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Պատարագ և Հոգեհանգստյան կարգ: