Վայոց Ձորի թեմ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Advertisements

Խաչաքանդակներով ժայռաբեկորներ, 9-րդ դար, Արենի:

Հայ քրիստոնեական մշակույթում առանձնահատուկ է Վայոց Ձորի դերակատարումը։ Բնական ներփակ միջավայրը և այստեղով անցնող հին առևտրական ճանապարհը, որը, քաղաքական հանգամանքներից կախված, ժամանակ առ ժամանակ արտառոց ակտիվություն էր դրսևորում և խթանում տնտեսամշակութային անօրինակ զարգացումը պայմանավորել են վայոցձորյան քրիստոնեական մշակույթի յուրօրինակ կերպարը՝ տեղական, ավանդական գծերի համադրություն հայկական ու ընդհանուր քաղաքակրթական արժեքների հետ։ Այս ուշագրավ սինթեզը կարելի է վավերացնել ճարտարապետության, գրչության, մանրանկարչության, գիտության, կրթության բնա­գավառներում, և անշուշտ, այն ավելի քան ակնհայտ է խաչքարային մշակույթում՜ սկսած առաջին օրինակներից մինչև 17-րդ դարի վերջերը։

Ինչպես նշել ենք, խաչքարային մշակույթը ձևավորվեց հիմքում ունենալով 4-6-րդ դարերի վաղքրիստոնեական կոթողների թևավոր խաչերը. այդ կոթողների, եկեղեցիների դամբարանների վրայի խաչային հորինվածքները։ Սակայն առանձին կանգնած միայն խաչային հորինվածքի համար նախատեսված ուղղաձիգ տափակ սալի ծավալային-ճարտարապետական ձևավորումն ընթացավ առաջին խաչքարերի ստեղծմանը զուգընթաց: Զարմանալի չէ, որ հենց վաղ խաչքարերն են երևան բերում հայտնի ծավալային-ճարտարապետական բազմազանություն։ Խաչքարերի են վերածվում հին մինչքրիստոնեական ու վաղքրիստոնեական կոթողները,

Բազմախաչ խաչքարեր, 9-10-րդ դարեր, Գնիշիկ:

ճարտարապետական լուծումով տափակ սալին մոտեցող հին շինաքարերը, երբեմն էլ որևէ հարթ մակերես ունեցող ուղղաձիգ ժայռաբեկորները։ Խաչքարային մշակույթի առա­ջացման առաջին քայլերը հասկանալու համար բացառիկ կարևորություն ունեն վայոցձորյան մի շարք վաղ խաչքարեր (Արենի, Գնիշիկ, Ուլգյուրի վանք, Կարմրաշեն)։ Արենիի հայտնի կոթողները միայն պայմանականորեն կարելի է խաչքար անվանել։ Մեկ շարքով իրար կցված և պարիսպ կազմող այս խմբի սալերն անմշակ ժայռաբեկորներ են, որոնց արևմտյան՝ փոքր-ինչ հարթեցված մակերեսների վրա ետնախորքն հեռացնելու եղանակով պատկերել են մի քանի ուղղաձիգ թևերով պսակված խաչեր։ Խոսել խաչը պատկերելու որևէ կանոնի մասին այս դեպքում անհնար է՝ վարպետները կարծեք արտապատկերել են իրենց անծանոթ մի հորինվածք մոտավոր խաչակերպություն հաղորդելով նրան։ Անլուծելի է մնում նաև դրանց ճշգրիտ թվագրության հարցը։ Արենիի ավանդույթը կարծեք շարունակում են Գնիշիկի կոթողները, սակայն արդեն խաչի պատկերման փոքր-ինչ կանոնիկ սկզբունքներով։ Գնիշիկում կենտրոնական խաչն ունի մի քանի զուգահեռ թևեր, կամ էլ մի քանի խաչեր իրար հպելով ստացել են համանման կառույց։ Սակայն, խաչաթևերի կանոնավոր բլթակները, խաչահատումների

Խաչքար”ՍՈւՐԲ ԳԵՎՈՐԳ”, 886թ., վարպետ Հուսեփ, Կեչուտ

վարդյակները, կենտրոնական խաչ-կառույցից դուրս տեղադրված խաչերը, չնայած տեխնիկական անվարժ կատարմանն, ունեն վաղ խաչքարերին միանգամայն բնորոշ մանրամասներ, ինչն էլ ավելի քան հավանական է դարձնում դրանք 9-10-րդ դարերով թվագրելը։ Սակայն, անբացատրելի են մնում կենտրոնական խաչի «բազմաճյուղությունն» ու խաչերի նման բազմաքանակությունը։ Կարելի է ենթադրել, որ Արենիի և Գնիշիկի խաչքարերը, ցուցում են դրանց շատ ավելի ընդհանուր, ոչ անհատական գործառույթը։ Այդ խաչքարերը թերևս կանգնեցվել են առանձին գերդաստանների, գուցե և համայնքի ոչ սակավաթիվ անդամներին նկատի ունենալով։ Ամենևին չի բացառվում նաև, որ դրանք ընդհանրական ինչ-որ հաղթանակի կամ ընդհակառակը եղերական դեպքերի արձագանք լինեն։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս խաչքարերը չեն հետևում Վայոց Ձորում լայն տարածում գտած համահայկական դիմագծերով վաղ խաչքարերին, որոնք լավ հայտնի են, օրինակ, Եղեգիսի, Գնդեվանքի, Ցաղաց Քարի, Կապույտի և այլ վայրերի օրինակներով։ Կարելի է առանձնացնել Գնդեվանքի և Ցաղաց Քարի 9-10-րդ դարերի օրինակները, որոնց էլիպսաձև ծավալները, թևերի և խաչատակի զարդերի շուշանաձև մոտիվները հիշեցնում են Վայոց Ձորի հարևանությամբ գտնվող Գեղարքունիք գավառի օրինակները։ Քննվող խմբի մի հոյակապ կատարում է և Կեչուտի 886թ. խաչ­քարը, որի, ցավոք, մի մասն է միայն պահպանվել։ Այս կոթողի սկզբնական բարձրությունը եղել է մոտ 3 մ և ամենամեծ վաղ խաչքարերից է։ Կենտրոնական խաչը հենվում է անմիջապես արմավատերևային զարդի, ապա և չորս համակենտրոն շրջաններից բաղկացած ու հավասարաթև մի խաչ ներառած վարդյակի վրա, որի երկու կողմերում պատկերված է մեկական մրտիմն-բադ՝ իրանից դեպի ներքև իջնող մեկական օձով։ Խաչի հորիզոնական թևերի երկբլթակ վերջույթներ ունեցող ծայրերին անմիջապես մոտ քանդակված է կտուցներով ձկներ բռնած մեկական ձկնկուլ։ Վերին թևի երկու կողմերում, ժամանակին (խաչքարի վերնամասը չի պահպանվել), քանդակված է եղել մեկական աղավնի։ Նկատենք, որ խաչը թռչուններով ուղեկցելը վաղ խաչքարերի բնորոշ կողմերից է, ընդ-որում, դատելով հորինվածքի տարբեր տեղերում տարբեր տեսակների առկայությունից, կարելի է վավերացնել վաղմիջնադարյան նման հորինվածքների համեմատ վերջիններիս մեծ բազմազանությունը։ Սրանց համեմատությունը մանրանկարչական օրինակների հետ հիմք են տալիս մտածելու, որ Կեչուտի խաչքարի նման պատկերագրությունը մեկուսացված մշա­կութային դրսևորում չէր։ Ձկնաքաղ բադատիպ (մրտիմն) և ձկնկուլատիպ թռչունները հայկական ավետարանների պարտադիր տարրերից են և ըստ մի շարք մեկնությունների՝ խորհրդանշում են

Խաչքարերի վերածված վիշապաքարեր, 11-12-րդ դարեր, Ոլգյուրի վանք:

կանխատեսումն ի դեմս մարգարեների, մկրտությունը՝ ի դեմս ձկնորս-հոգեորս առաքյալ­ների և ավետարանիչների։ Նույնը կարելի է ասել և աղավնիների մասին, որոնք խորհրդանշում են սուրբ հոգին ընկալած աստվածաշնչյան սրբերին։ Սակայն, եթե խորանների պատկերագրության մեջ դրանք տեղադրվում են տարբեր խորաններում և, որպես կանոն, կամարների վրա՝ այսինքն հորինվածքի վերնամասում, մեր դեպքում դրանք տեղաբաշխվում են ողջ հորինվածքում, խաչը ներքևից վերև նշվում է հետևյալ կենդանիներով. օձ, բադ, ձուկ, արագիլ, աղավնիներ, այսինքն ակնհայտ է իմաստային ուղղաձիգ շարժումը ներքևից դեպի վերև՝ ստորին ջրերից (օձ և ձուկ) դեպի ջրի մակերես ու ցամաք (բադ և արագիլ) և, ի վերջո, երկինք (աղավնի)։ Խաչքարի արձանագրությունը, թվականից զատ, հայտնում է նաև, որ այն կոչվել է «Սուրբ Գևորգ» և կերտվել է Հուսեփ վարպետի կողմից։

Վայոց Ձորի խաչքարային մշակույթի յուրօրինակության վառ օրինակներից են նաև խաչքարերի վերածված վիշապաքարերը։ Վիշա­պաքարերը մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսում լայն տարածում գտած ձկնակերպ կոթողներ էին, որոնց վրա ձկնային մանրամասներից զատ քանդակվում էին նաև դրանց վրա գցված ցուլերի մորթիներ գլխով և վերջույթներով։ Ըստ երևույթին, առաջին խաչքարագործ վարպետների ուշադրությունը դրանք գրավել են նախ և առաջ սլացիկությամբ և ողորկ մշակումով։ Օրինակ,Կարմրաշենի վիշապաքարից խաչքարի վերածված (990թ.) կոթողի արձանագրությունը հայտնում է, որ խաչքարը կանգնեցնող Գևորգի որդի Գրիգորիկն այն գտել է աստվածային ցուցումով կամ տեսիլքով. «Ես Գևորգի որդի Գրիգորիկս, այս արձանը գտա աստվածային ցուցումով, շատ ջանքերով և մեծ հույսով բերեցի եկեղեցուս դուռը և կանգնեցրի սուրբ խաչի նշանս»։ Կոթողի բարձրությունը 3,7 մետր է։ Նման չափի և որակի սալաքար գտնելն իրոք այնքան էլ հեշտ չէր, և իզուր չէ, որ Գրիգորիկն այն վերագրում է աստվածային ցուցմանը։ Ուշագրավ է և կոթողի արձան անունը, որ գրաբարում որպես կանոն նշանակում էր կանգուն կամ մշակված կոթող։ Սա հիմք է տալիս նաև մտածել, թե գուցե կային միստիկ ինչ-ինչ պատկերացումներ, որոնք հնարավոր էին դարձնում «հեթանոսական» կոթողը վերաքրիստոնեացնել և այն վերածել խաչքարի։ Ուլգյուրի վանքի հայտնի վիշապաքարերի խաչքարային հորինվածքները՝ եկեղեցական շինության վրա բարձացող ծաղկուն խաչեր, քանդակվել են 1001թ.։ Հետագայում 1199թ. այս կոթողներից մեկի ստորին մասում միանգամայն այլ տեխնիկայով հավելվել է խաչքարային նոր հորինվածք, իսկ թիկունքին՝ փորագրվել արձանագրություն։ Ուլգյուրի կոթողները շատ կարծր բազալտից են, և խաչքարագործ վարպետից մեծ ջանքեր են պահանջվել «վերափորագրելու» դրանք։ Նա ստիպված է եղել խաչքարային կանոնավոր հորինվածք ստեղծելու փոխարեն խաչեր, պարզ վարդյակներ և խաղողի ողկույզներ փորագրել նաև ցլաքանդակի գլխի և առջևի ոտքերի վրա՝ որպեսզի հնարավորինս սքողի դրանք։ Կարելի է եզրակացնել, որ վիշապ կոթողները թեև խաչքարերի էին վերածվում նկատի ունենալով խաչքարասալի համար դրանց տեխնիկական տվյալները, բայց և հատուկ տաշում-հեռացնում կամ էլ «սքողում» էին հին քանդակները նպատակ ունենալով «չեզոքացնել» դրանց նախնական հեթանոսական իմաստը։

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements